Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային ճաշ է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ:
Վարչապետը ողջունել է տիկին Մուշիկիվաբոյի այցը Հայաստան և ընդգծել ՀՀ Կառավարության համար Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցության կարևորությունը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երկկողմ փոխգործակցությունը` հատկապես վերջին տարիներին, ակտիվորեն ամրապնդվում է, և վստահություն հայտնել, որ տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերը նպաստում են ՖՄԿ անդամ պետությունների միջև կապերի զարգացմանն ու խորացմանը:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի ԼՂ մեր հայրենակիցների բռնի տեղահանությանն ու ստեղծված հումանիտար իրավիճակին, ինչպես նաև առկա խնդիրների հաղթահարման ուղղությամբ իրականացվող քայլերին, այդ թվում` միջազգային հանրության կողմից ակնկալվող աջակցությանը:
Լուիզ Մուշիկիվաբոն նշել է, որ Հայաստան է ժամանել իր համերաշխությունն արտահայտելու հայ ժողովրդին՝ Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանման պայմաններում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, Հայաստանի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության միջև համագործակցությանը վերաբերող հարցեր: