ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի նախկին ղեկավարի կողմից, պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ, Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող մի շարք հողատարածքների ապօրինի օտարման, համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթման, շենքերի կամ շինությունների ինքնակամ կառուցումը չկասեցնելու, պաշտոնատար անձի նկատմամբ ունեցած ազդեցությունն օգտագործելու նպատակով ապօրինի վարձատրություն տալու, խմբի կազմում փողերի լվացման, պաշտոնեական կեղծիքներ և փաստաթղթերի կեղծիքներ կատարելու բազմաթիվ դեպքերի վերաբերյալ նախաձեռնված և մեկ վարույթում միացված քրեական վարույթի նախաքննությունը՝ 13 անձի մասով։ Այս մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեից:
«Նախաքննության ընթացքում քննչական խմբի կողմից կատարված հսկայածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2008-2015 թթ. ընթացքում ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ղեկավարի պաշտոնն զբաղեցրած Կ.Գ.-ն իր պաշտոնավարման ընթացքում, խախտելով Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված պահանջները, իրականացնելով պաշտոնեական կեղծիքներ, Աբովյան համայնքում գտնվող, մասնավորեցման ոչ ենթակա մի զբոսայգի՝ 782.3 քմ հողատարածքnվ, օտարել է Կոտայքի մարզի դատախազի նախկին տեղակալի քրոջը, մեկ այլ զբոսայգի՝ 768.5 քմ մակերեսով, իր օգնական Մ.Հ.-ի և համայնքապետարանի քաղաքաշինության բաժնի պետ Ս.Խ.-ի օժանդակությամբ, օտարել է քաղաքացի Կ.Կ.-ին, իսկ համայնքի ղեկավարի օգնական Մ.Հ.-ի օժանդակությամբ մասնավորեցման ոչ ենթակա, Աբովյան քաղաքում գտնվող ջրավազանը ու դրա պահպանման-սպասարկման համար առանձնացված հողամասը (համապատասխանաբար՝ 1545.0 քմ և 1836.53 քմ տարածքով) օտարել է տվյալ ժամանակահատվածում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Մ.Մ.-ին։
Բացի այդ, պատմության և մշակույթի արժեք հանդիսացող, հետևաբար Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի ուժով մասնավորեցման ոչ ենթակա, Աբովյան քաղաքի Կոտայքի 1/80 հասցեում գտնվող, 2020 քմ մակերեսով սեփականաշնորհման ոչ ենթակա հողամասն օտարել է ինքն իրեն, ապա գույքի հանցավոր ճանապարհով ձեռք բերելու հանգամանքը և հետքերը թաքցնելու նպատակով ներգրավվելով իր հետ փոխկապակցված անձանց՝ մորը՝ Ն.Ք.-ին, հորեղբոր որդիներին՝ Օ.Գ.-ին և Ս.Գ.-ին, աներոջ հորեղբորորդուն՝ Ս.Ծ.-ին, վերջիններիս հետ նախնական համաձայնությամբ և համակատարմամբ, մասնաբաժիններով մի քանի փուլով իրականացնելով գույքի առուվաճառքի գործարքներ, կատարել է փողերի լվացում։
Կ.Գ.-ն ի պաշտոնե որևէ գործողություն չի կատարել՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը դադարեցնելու, դրանց հետևանքները վերացնելու պարտականության շրջանակներում իր ընտանիքի կողմից տնօրինվող, Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում գտնվող, նախկինում ինքնակամ կառուցված 461.4 քմ մակերեսով երկհարկանի հյուրանոցը, 79.6 քմ մակերեսով պահակատունը, 168.7 գծամետր պարիսպը, ինչպես նաև 6.1 մետր տրամագծով շատրվանը քանդելու ուղղությամբ։ Ավելին՝ հիշյալ ինքնակամ կառույցներով ծանրաբեռնված 7175.83 քմ մակերեսով հողամասը ցածր գնով, երկարաժամկետ օգտագործման իրավունքով, վարձակալությամբ իր ընտանիքին պատկանող «Հին Փարվանա» ՍՊ ընկերությանը տրամադրելու և հետագայում տվյալ հողամասը գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքով, անհամեմատ ցածր գնով՝ հողի կադաստրային արժեքով օտարելու դիտավորությամբ, իր օգնական Մ․Հ․-ի օժանդակությամբ, «Գիս-Արտ» ՍՊ ընկերության աշխատակցի կողմից կատարված փաստաթղթերի կեղծման հիման վրա կատարել է պաշտոնեական կեղծիք և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Կոտայքի մարզային ստորաբաժանման ղեկավարին հասցեագրած գրության մեջ մտցրել է կեղծ տեղեկություններ այն մասին, որ համայնքային սեփականության նշված հողամասը ծանրաբեռնված չէ անշարժ գույքով։
Բացի այդ, Կ. Գ.-ն, տեղեկացված լինելով, որ Աբովյան համայնքում գտնվող 10,05 հա հողամասը ներառված է որպես բնակավայրերի նպատակային նշանակության՝ բնակելի կառուցապատման հողատարածք, այն կադաստրային արժեքից անհամեմատ ցածր գնով իրենը դարձնելու նպատակով, իր օգնական Մ.Հ.-ի միջոցով, «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ տնօրենի և աշխատակցի կողմից հողամասը շինությամբ ծանրաբեռնված չլինելու և հողամասի նպատակային նշանակությունը «գյուղատնտեսական» լինելու վերաբերյալ հողամասի կեղծ հատակագծեր կազմելու արդյունքում, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Կոտայքի ստորաբաժանման ղեկավար Դ.Գ.-ին դրդել է դուրս գալ իր պաշտոնեական լիազորությունների շրջանակից և փոխել 10,05 հա հողամասի նպատակային նշանակությունը, ինչը վերջինս իրականացրել է՝ ստորաբաժանման համապատասխան պաշտոնատար անձին տալով հանձնարարություն։
Դրա հիման վրա 2014 թ. հունիսին քաղաքային համայնքի ավագանին, հաշվի առնելով քաղաքապետ Կ.Գ.-ի առաջարկը, որոշում է կայացրել՝ Աբովյան համայնքին պատկանող վերը նշված 10.05 հա հողամասն աճուրդով օտարելու մասին: Աճուրդի մեկնարկային գինը հաշվարկվել է գյուղատնտեսական նշանակության հողամասի համար սահմանված կադաստրային արժեքով՝ մեկ հեկտարի համար 45.240.000 ՀՀ դրամի փոխարեն 67.500 ՀՀ դրամով:
Կ.Գ.-ի բանավոր հանձնարարությամբ, նրա օգնական Մ.Հ.-ի օժանդակությամբ համայնքապետարանի աշխատակազմի սոցիալական ծրագրերի, տեղեկատվության և գործավարության բաժնի պետ Ա.Զ.-ի կողմից կազմել են ձևական աճուրդի անցկացման մասին կեղծ փաստաթղթեր, կազմակերպվել է նշված հողատարածքի ձևական աճուրդ, ինչի արդյունքում 2014թ. հուլիսին, ավագանու որոշմամբ և առքուվաճառքի պայմանագրով, 454.662.000 ՀՀ դրամ կադաստրային արժեք ունեցող նշված հողամասն ընդամենը 712.400 ՀՀ դրամով օտարել է փաստացի իրեն պատկանող «Ա. ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊ ընկերությանը՝ ի դեմս տնօրեն Խ.Ա.-ի։ Այդ կերպ օրինականացվել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքը։
Պարզվել է նաև, նպատակ ունենալով տիրապետելու Աբովյան քաղաքի Էդ.Պետրոսյան փողոցի 1/33 հասցեում գտնվող 5.9332 հա չափով տարածքին, որի մի մասը օտարման ոչ ենթակա ճանապարհ և մայթ են, ընդհանուր կանաչ տարածք, իսկ մնացած մասը՝ արտադրական և արդյունաբերության համար պահուստային տարածքներ, Կ.Գ.-ն իր օգնական Մ.Հ.-ին տվել է դրա իրականացման ուղղված հանձնարարություն։ Վերջինիս ուղղորդմամբ համայնքապետարանի քաղաքաշինության բաժնի 2 աշխատակիցների կողմից համապատասխան փաստաթղթերում մտցվել են բովանդակությամբ կեղծ տեղեկություններ այն մասին, թե հիշյալ հողամասի նպատակային նշանակությունը բնակավայրերի է, իսկ գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման, հողատարածքը՝ չկառուցապատված, այն դեպքում, երբ այդ հողամասում ինքնակամ կառուցված է եղել 35.38 քառակուսի մետր մակերեսով պահակատուն, 123.07 քառակուսի մետր մակերեսով և 270.75 խորանարդ մետր չափերով պարիսպ։ Դրա, ինչպես նաև համայնքի ղեկավարի համապատասխան որոշման հիման վրա 2011թ. սեպտեմբերին ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Աբովյան սպասարկման գրասենյակի աշխատակցի կողմից կատարվել է 59332.45 քառակուսի մետր մակերեսով հողատարածքի նկատմամբ Աբովյան համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցում:
Կ.Գ.-ն ինքնակամ կառուցված հիշյալ պահակատունը և պարիսպն օրինականացնելու նպատակով կատարել է պաշտոնեական կեղծիքներ՝ կազմելով բովանդակությամբ կեղծ փաստաթղթեր այն մասին, թե իբր այդ շինությունները կառուցվել են «Աբովյանի քաղաքային տնտեսություն» ՀՈԱԿ-ի կողմից։ 2012 թ. ապրիլին կատարվել է այդ կառույցների նկատմամբ Աբովյան համայնքի սեփականության իրավունքի գրանցում:
Հետագայում համայնքի ղեկավարի օգնականի օժանդակությամբ «Գիս-Արտ» ՍՊԸ աշխատակցի կողմից կազմված հիշյալ տարածքը շինությամբ ծանրաբեռնված չլինելու և հողամասի նպատակային նշանակությունը «գյուղատնտեսական» լինելու վերաբերյալ կազմված ակնհայտ կեղծ փաստաթղթի՝ հողամասի հատակագծի հիման վրա Աբովյանի քաղաքապետ Կ.Գ.-ն 2014 թվականի հունիսին դիմել է ՀՀ կադաստրի պետական կոմիտեի Կոտայքի մարզային ստորաբաժանման ղեկավարին առ այն, որ Էդ.Պետրոսյան փողոցի 1/33 հասցեում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը սխալմամբ է նշվել բնակավայրերի նշանակության, այն հանդիսանում է գյուղատնտեսական նշանակության հողատարածք: Նրա գրության հիման վրա հողատարածքի գործառնական նշանակությունը նշվել է «գյուղատնտեսական», ինչից հետո՝ 2014թ. հունիսի 24-ին, Աբովյան քաղաքային համայնքի ավագանին, հաշվի առնելով քաղաքապետ Կ.Գ.-ի առաջարկը, որոշում է կայացրել՝ Աբովյան համայնքին պատկանող վերը նշված 5.9 հա հողամասն աճուրդով օտարելու մասին: Աճուրդի մեկնարկային գինը հաշվարկվել է գյուղատնտեսական նշանակության հողամասի համար սահմանված կադաստրային արժեքով՝ մեկ հեկտարի համար 29.400.000 ՀՀ դրամի փոխարեն 67.500 ՀՀ դրամով: Կ.Գ.-ի օգնական Մ.Հ.-ի դրդմամբ համայնքապետարանի աշխատակազմի սոցիալական ծրագրերի, տեղեկատվության և գործավարության բաժնի պետ Ա.Զ.-ի կողմից կազմված՝ աճուրդին վերաբերող կեղծ փաստաթղթերի հիման վրա կազմակերպվել է ձևական աճուրդ, որի արդյունքում Կ.Գ.-ն 2014թ. հոկտեմբերին առքուվաճառքի պայմանագրով 84.253.050 ՀՀ դրամ կադաստրային արժեք ունեցող նշված հողամասը 400.500 ՀՀ դրամով օտարել է իր ընկեր Մ.Մ.-ին, սակայն հողատարածքը փաստացի տնօրինվել է Կ.Գ.-ի կողմից:
Քննությամբ պարզվել է նաև, որ Մ.Հ.-ն, 2019 թ. հունվարից զբաղեցնելով Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի գործարքների համակարգողի պաշտոնը, օգտագործելով այդ ժամանակ Աբովյանի քաղաքապետի պաշտոնն զբաղեցնող Վ.Գ.-ի նկատմամբ ունեցած իրական ազդեցությունը, 2019 թ. փետրվարի 28-ին անձամբ անհատ ձեռներեց Կ.Ս.-ից ստացել է խոշոր չափերով՝ 719.355 ՀՀ դրամին համարժեք 1500 ԱՄՆ դոլար գումար ապօրինի վարձատրություն՝ Աբովյան քաղաքի Սարալանջի փողոցի 32/281 հասցեում որպես սգո սրահ շահագործվող, ինքնակամ կառուցված շինությունը վարձակալությամբ վերջինիս տրամադրումն ապահովելու նպատակով, ինչի արդյունքում 2019 թ. մայիսի 8-ին Աբովյան համայնքի ավագանին որոշմամբ հավանություն է տվել համայնքի և Կ.Ս.-ի միջև հիշյալ հողատարածքի վարձակալության պայմանագրի կնքմանը:
Վերոնշյալ հանցավոր արարքների արդյունքում համայնքին պատճառվել է ընդհանուր 537մլն. 802 հազար 150 դրամի գույքային վնաս, որից 474 մլն 949 հազար 600 դրամը նախաքննության ընթացքում վերականգնվել է:
Ձեռք բերված փաստերի հիման վրա Աբովյան համայնքի նախկին ղեկավար Կ.Գ.-ի նկատմամբ վերջնական հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)՝ 1 դրվագ, 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ)՝ 6 դրվագ, ՀՀ գործող քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (փողերի լվացում, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից՝ նախնական համաձայնությամբ)՝ 1 դրվագ, 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերի փողերի լվացում)՝ 2 դրվագ և 445-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք կատարելը) 2 դրվագ: Ինչպես նաև վարույթի շրջանակներում քրեական հետապնդումներ են հարուցվել Կ.Գ.-ի օգնական Մ.Հ.-ի, Աբովյանի համայնքապետարանի համապատասխան պաշտոնատար անձ հանդիսացող Ա.Զ.-ի և Ս.Խ.-ի, ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Կոտայքի ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Դ.Գ.-ի, նույն ստորաբաժանման պաշտոնատար անձ Ա.Ղ.-ի, «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ տնօրեն Վ.Ղ.-ի և աշխատակից Ռ.Մ.-ի, Կ.Գ.-ի հետ փոխկապակցված անձինք հանդիսացող Ս.Գ.-ի և Ս.Ծ.-ի, ընկերը հանդիսացող Մ.Մ.-ի, «Գիս-Արտ» ՍՊԸ աշխատակից Վ.Վ.-ի, անհատ ձեռներեց Կ.Ս.-ի, «Ա. ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊ ընկերության տնօրեն Խ.Ա.-ի նկատմամբ (ընդհանուր՝ 14 անձ)։ Մեղադրյալներից երկուսի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, մյուսներին ներկայացվել է մեղադրանք։ Մի քանի այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվել՝ հանցավոր արարքի վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։
Համայնքին պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնելու ուղղությամբ ձեռնարկվել են համապատասխան միջոցներ։
Քրեական վարույթը՝ 13 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է հսկող դատախազին՝ դատարան ուղարկելու նպատակով։
Վարույթի նախաքննության ընթացքում հայտնաբերվել են նաև նույնաբնույթ ենթադրյալ հանցագործությունների կատարման դեպքերի 232 այլ դրվագներ, որոնց առթիվ վարույթն իրականացնող մարմնի կողմից նախաձեռնվել է նոր քրեական վարույթ, որն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ քննչական ենթակայության հարցը լուծելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: