Երևանում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն: Արտգործնախարարությունում նրան դիմավորել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Ընդլայնված կազմով հանդիպումից հետո Միրզոյանն ու Մուշիկիվաբոն հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով: Միրզոյանը նկատել է, որ մեր երկրի և տարածաշրջանի համար մարտահրավերներով լի այս շրջանում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի այցը դիտվում է որպես կազմակերպության կողմից համերաշխության և աջակցության ուղերձ:
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարը ուղերձում նշել է.
«Եկել ենք, որ վկայենք մեր համերաշխությունը հայ ժողովրդին, Հայաստանին, սարսափներին, որ ապրել է հայ ժողովուրդը: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունն իր շուրջն է համախմբում 88 երկրի և կառավարության՝ 5 մայրցամաքից: Հայաստանը մեզ համար այդ կազմակերպության շատ կարևոր անդամ է: Մենք գտնում ենք, որ պետք է պաշտպանվեին 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները: Այդ մասին հաճախ խոսել ենք ֆրանսիայում Հայաստանի դեսպանի, ՅՈւՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի հետ: Միշտ աջակցել եմ այս հակամարտության հավասարակշիռ, ընդունելի, արդար լուծման հասնելու գաղափարին: Շատ բարձր ենք գնահատում՝ անսպասելի իրավիճակում Լեռնային Ղարաբաղի իրենց տները լքած ընտանիքներին Հայաստանի արագ, արժանապատիվ ընդունումը: Մեր համերաշխությունն ենք հայտնում նաև անհետ կորած, գերեվարված անձանց ընտանքիներին»,- նշել է Լուիզ Մուշիկիվաբոն: