Հոկտեմբերի 18-ին Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեում քննարկվել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման քաղաքականության հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակը։
Նիստին Եվրոպական Միությունը՝ ԵՄ անդամ պետությունների և ԵՄ անունից, հանդես է եկել հայտարարությամբ, որի մեջ նշված է, որ միությունը շարունակում է մտահոգությամբ հետևել սեպտեմբերի 19-ին և 20-ին Ադրբեջանի ռազմական գործողությունների և Լաչինի միջանցքի իննամսյա շրջափակման հետևանքով Ղարաբաղի հայերի զանգվածային արտագաղթից հետո ստեղծված ծայրահեղ ծանր իրավիճակին։
«Ադրբեջանը պետք է ապահովի Ղարաբաղի հայերի մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները և անվտանգությունը, ներառյալ իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը՝ առանց ահաբեկման կամ խտրականության, ինչպես նաև պայմաններ ստեղծի Լեռնային Ղարաբաղ փախստականների և տեղահանվածների կամավոր, անվտանգ, արժանապատիվ և կայուն վերադարձի համար: ԵՄ-ն վերահաստատում է աջակցությունը Ադրբեջանի և Հայաստանի ինքնիշխանությանը, սահմանների անձեռնմխելիությանը և տարածքային ամբողջականությանը: Ադրբեջանին կոչ ենք անում վերահաստատել աներկբա հավատարմությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը՝ համաձայն 1991 թ. Ալմաթիի հռչակագրի»,- նշված է հայտարարության մեջ։
Որպես վստահության ամրապնդման կարևոր միջոց՝ ԵՄ-ն ակնկալում է համապարփակ համաներում Ղարաբաղի բոլոր հայերի, ներառյալ նրանց ներկայացուցիչների համար: Հայտարարությունը ստորագրել են Ալբանիան, Անդորրան, Բոսնիա և Հերցեգովինան, Իսլանդիան, Լիխտենշտայնը, Մոնակոն, Չեռնոգորիան, Հյուսիսային Մակեդոնիան, Նորվեգիան, Սան Մարինոն: