«Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ում տեղի ունեցած բռնության դեպքի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծին ստացված ահազանգերի, ինչպես նաև հրապարակային տեղեկությունների հիման վրա Պաշտպանն անմիջապես նախաձեռնել է ուսումնասիրության ընթացակարգ, իրականացվել է բազմակողմանի քննարկում։
Պարզաբանումներ ստանալու պահանջով գրություններ են ուղարկվել պետական իրավասու մարմիններին։ Հաշվի առնելով խնդրի հրատապությունը` Պաշտպանը խիստ կարևորում է դրա լուծման առնչությամբ անհետաձգելի և կոնկրետ միջոցառումների իրականացումը։
«Դեռևս 2023 թվականի մայիսին Մարդու իրավունքների պաշտպանը և աշխատակազմի ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել «Զատիկ» կենտրոն, արձանագրվել են մի շարք խնդիրներ, որոնք ի թիվս այլնի, վերաբերել են հաստատությունում բռնության բոլոր ձևերից պաշտպանված լինելու իրավունքին, բնակելի տարածությանը, այդ թվում՝ տղաների ննջասենյակներին ներկայացվող չափանիշներին, երեխաների հանդեպ և երեխաների միջև բռնության դեպքերի, ինքնավնասումների, փախուստի և վնասվածքների գրանցումների ոչ պատշաճ ապահովմանը, աշխատողների ռեսուրսի պակասին և աշխատանքների իրականացման մեթոդաբանությանը: Արձանագրված խնդիրները և դրանց լուծմանն ուղղված համապատասխան առաջարկություններն ուղարկվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։ Գրություն է հասցեագրվել նաև ՀՀ գլխավոր դատախազություն։ Պարբերաբար քննարկումներ են տեղի ունեցել իրավասու մարմինների հետ (արձանագրված խնդիրներին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ՝ անցնելով
https://ombuds.am/am/site/ViewNews/2519 հղմամբ)։
Մարդու իրավունքների պաշտպանը բազմիցս անդրադարձել է երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում առկա համակարգային խնդիրներին, որոնք ունեն անհետաձգելի լուծման անհրաժեշտություն:
Պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ երեխայի պաշտպանությունը բռնությունից պետության առաջնահերթ պարտավորությունն է։ Պետք է մանրամասն վերլուծել բռնության կատարման պատճառներն ու նպաստող գործոնները, որպեսզի ձեռնարկվեն համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ՝ հետագայում երեխայի նկատմամբ բռնության որևէ դեպք բացառելու նպատակով։
Այս համատեքստում պետությունը պարտավոր է հրատապ և գործուն քայլեր ձեռնարկել երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում բռնության դեպքերը բացառելու, ինչպես նաև այնտեղ գտնվող երեխաների համար անվտանգ և ապահով միջավայր ապահովելու ուղղությամբ։
Լրատվամիջոցների մեր գործընկերներին խնդրում ենք հեռացնել և չհրապարակել երեխաներին նույնականացնող որևէ տվյալ՝ բացառելով երեխային թիրախավորելու ռիսկերը և ապահովելով անձնական տվյալների պաշտպանությունը»,- ասվում է ՄԻՊ-ի հաղորդագրության մեջ։