ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր աշխատանքային քննարկում է ունեցել Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցչի պաշտոնակատար Կոնստանտին Սոկուլսկիի գլխավորած պատվիրակության հետ: Այդ մասին հայտնում են ֆինանսների նախարարությունից:
Հանդիպմանը ներկա են եղել նաև Կլիմայի կանաչ հիմնադրամի (ԿԿՀ) ներկայացուցիչները:
Ողջունելով հյուրերին՝ նախարար Հովհաննիսյանն ընդգծել է, որ Կառավարությունն իր 2021-2026 թթ. ծրագրով կարևորում է շրջակա միջավայրի պահպանության, տնտեսության զարգացման և սոցիալական պաշտպանության ներդաշնակեցումը, և այս համատեքստում բարձր է գնահատել «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի իրականացման անհրաժեշտությունը:
Նախարար Հովհաննիսյանը կարևորել է ծրագրի ժամկետի՝ 36 ամսով երկարաձգումը և շեշտել, որ Կառավարությունը հետագայում ևս հանձնառու է լինելու ակտիվ համագործակցելու ծրագրի նպատակները կյանքի կոչելու ուղղությամբ:
Կողմերը երկուստեք ընդգծել են ծրագրի նշանակությունը, քանի որ այն միտված է էներգիայի խնայողությանը, էներգետիկ անկախության բարձրացմանը և ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանը, որոնք համահունչ են ՄԱԿ-ի և ՀՀ Կառավարության ծրագրով սահմանված նպատակադրումներին: