ԼՂ-ից բռնի տեղահանված աշակերտները շարունակում են համալրել ՀՀ կրթական հաստատությունները: Նրանցից 14 848 աշակերտ արդեն իսկ հաճախում է հայաստանյան կրթական հաստատություններ: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Ըստ այդմ՝ Երևանի կրթական հաստատություններ է հաճախում 4675 աշակերտ, Արագածոտնում՝ 707, Արարատում՝ 2068, Արմավիրում՝ 1290, Գեղարքունիքում՝ 712, Լոռիում՝ 883, Կոտայքում՝ 2514, Շիրակում՝ 631, Սյունիքում՝ 581 անձ, Վայոց ձորում՝ 322, Տավուշում՝ 465:
«Բոլոր հայրենակիցներին պետք է հորդորեմ, որ առաջին իսկ հնարավորության պարագայում դպրոց դիմեն, որովհետև անկախ հետագա տեղաշարժի փոփոխություններից՝ այդ ամեն օրը երեխայի կրթությունից դուրս մնալու օր է, և մենք բոլորս առաջին հերթին պետք է մտածենք նրանց կրթության գործընթացի շարունակականության մասին, որովհետև ամեն բաց թողած օրը հետո լրացնելու կարիք է լինում»,- ասաց նախարարը՝ ընդգծելով, որ դպրոցներում գրանցումը մի փոքր դանդաղել է, քանի որ ծնողները միջնաժամկետ կացարանի փնտրտուքի հարցերով են զբաղված, որով էլ պայմանավորում են երեխաների՝ դպրոց գնալը:
Ինչ վերաբերում է կրթության մյուս մակարդակներին, ապա 1000-ից ավելի անձ դիմել է քոլեջներ և ուսումնարաններ: Հիմնականում դիմել են Երևանի ուսումնական հաստատություններ, մարզերի պարագայում գերակշռում է Կոտայքի մարզի ուսումնական հաստատություններ դիմածների թիվը: Ըստ նախարարի՝ այս համակարգի ուսանողների շուրջ 45-50 տոկոսն արդեն իսկ դիմել է իր կրթության շարունակության համար:
Ինչ վերաբերում է ուսանողներին, ապա նրանց շուրջ 50 տոկոսը՝ 1155 ուսանող, արդեն իսկ հաշվառվել է պետական բուհերում և մասնաճյուղերում: Նախարարը նաև հիշեցրեց, որ գործում է կրթաթոշակի ծրագիր, որի շնորհիվ ուսանողներն իրենց ուսման վարձի փոխհատուցման հնարավորություն կստանան:
Ինչ վերաբերում է ուսուցիչներին, ապա ԼՂ-ից բռնի տեղահանվածների շրջանում շուրջ 1500 ուսուցիչ կա: Նրանք, ըստ նախարարի, կկարողանան աշխատանք գտնել Հայաստանում: