Առաջարկվող լրացմամբ ամրագրվում է, որ ՀՀ օդանավակայանների պաշտոնական պատվիրակությունների սրահից օգտվող օտարերկրյա պատվիրակությունների, ՀՀ պաշտոնատար անձանց սպասարկման կարգը, ինչպես նաև այդ սրահից օգտվող օտարերկրյա պատվիրակությունների և ՀՀ պաշտոնատար անձանց ցանկը սահմանվում է վարչապետի որոշմամբ: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 18-ին երկրորդ ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած ««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Նշված օդանավակայանների պաշտոնական պատվիրակությունների սրահից կկարողանան օգտվել նաև պաշտոնատար անձանց ընտանիքի անդամները:
ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը հայտնել է, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո ստացվել են առաջարկներ, որոնց մեծ մասն ընդունվել է:
Նա տեղեկացրել է նաև, որ նշված օրենքի համապատասխան հոդվածում սահմանված է, որ ՀՀ նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը, հանրապետության պաշտոնաթող նախագահը, ինչպես նաև նրանց ուղեկցող ընտանիքի անդամները կարող են օգտվել ՀՀ օդանավակայանների առանձնացված հատուկ սրահից: «Հաշվի առնելով 2018 թվականի սահմանադրական փոփոխությունների արդյունքներով վարչապետի լիազորությունների լայն շրջանակը՝ առաջարկում ենք օրենքի 1-ին մասի դրույթը տարածել նաև 2018 թվականից հետո պաշտոնաթող վարչապետերի վրա»,- ասել է փոխնախարարը: Հանձնաժողովն ընդունել է այս բովանդակային առաջարկը: Ընդունված մնացած առաջարկները տեխնիկական բնույթի էին:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին: