«Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքն ընդունված է 90-ականներին, այժմ կարգավորող գերատեսչությունը ձեռնամուխ է եղել ոլորտի ամբողջական կարգավորմանը: Առաջին անգամ ՀՀ-ում կսահմանվեն հանրային առողջապահության ոլորտի հիմնական հասկացությունները (հանրային առողջապահություն, համաճարակ, համավարակ և այլն): Կհստակեցվեն հանրային առողջապահության բնագավառում Կառավարության և պետական կառավարման համակարգի մարմինների լիազորությունները, ֆիզիկական և իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի իրավունքներն ու պարտականությունները: Կսահմանվեն հիվանդությունների իմունականխարգելման կազմակերպման և իրականացման պահանջները: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
«Հանրային առողջապահության մասին», ««Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և կից օրենքներում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթն ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացնելիս վերոնշյալ նոր կարգավորումների մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նշվել է, որ վերանայվել են կարանտինի, նաև կանխարգելիչ ու հակահամաճարակային միջոցառումների կազմակերպման և իրականացման կարգավորումները, արդիականացվել են մարդու օրգանիզմի վրա շրջակա միջավայրի վնասակար և վտանգավոր գործոնների ազդեցության կանխարգելման կազմակերպման ու իրականացման պահանջները: Սահմանվել են հանրային իրազեկման, հանրային առողջապահական գիտելիքների տարածման և ուսուցման պահանջները: Նախարարը տեղեկացրել է, որ աշխատանքային քննարկումների ընթացքում հարցը մանրամասն ուսումնասիրվել է, հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի դիտողություններն ու առաջարկները ներառվել են փաթեթում:
Նարեկ Զեյնալյանն առաջարկել է վերանայել նաև «ոչ բուժական բնույթի գործունեության իրականացման լիցենզիա» և «տեսչական մարմնի ստուգայցեր» հասկացությունները: Հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ օրենսդրական փաթեթի հիմքը «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքն է, որն այս փաթեթի անցումային դրույթներով ուժը կորցրած է ճանաչվում: Կարանտինին վերաբերող դրույթները հանվել են գործող օրենքներից և ներառվել այս փաթեթում` ամբողջական դարձնելով բոլոր հասկացությունները: Նրա խոսքով հաշվի է առնվել COVID-ի համավարակի դեմ պայքարում ունեցած փորձը: Նարեկ Զեյնալյանը կարևորել է տարբեր արտակարգ իրավիճակներում համաճարակների դեմ պայքարելու ընթացքում ճիշտ օրենսդրական հիմքեր ունենալու հանգամանքը:
Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: