Լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորումը հայտարարել է, որ չորեքշաբթի «ցասման օր» կանցկացնի Իսրայելի դեմ, հայտնում է The Times of Israel-ը։
Խմբավորումը բացատրել է, որ Իսրայելին պատասխանատու է համարում Գազայի հատվածում հիվանդանոցի վրա հարձակման համար, որի հետևանքով հարյուրավոր պաղեստինցիներ են զոհվել: Իսրայելն էլ պնդում է, որ հիվանդանոցը խոցվել է պաղեստինյան «Իսլամական ջիհադ» խմբավորման արձակած հրթիռից:
Մինչ Իսրայելը պատրաստվում է ցամաքային հարձակման ՀԱՄԱՍ-ի դեմ Գազայի հատվածում, Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդը նախազգուշացրել է, որ հարևան երկրները չեն ընդունի պաղեստինցի փախստականներին, որոնք, ամենայն հավանականությամբ, փախուստի կդիմեն այդ գործողության պատճառով:
«Այլևս ոչ մի փախստական՝ Հորդանանում կամ Եգիպտոսում: Այս հումանիտար իրավիճակը պետք է լուծվի Գազայի և Արևմտյան ափի ներսում, այլ ոչ թե փորձել պաղեստինյան խնդիրները դնել ուրիշների ուսերին»,- հայտարարել է Հորդանանի թագավորը:
Իր հերթին ամերիկյան լրատվամիջոցները, վկայակոչելով Սպիտակ տունը, հայտնում են, որ Մերձավոր Արևելք մեկնող ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հետաձգել է իր այցը Հորդանան։
«Նախագահը հույս ունի ավելի ուշ անձամբ բանակցություններ վարել բոլոր երեք առաջնորդների հետ, իսկ առաջիկա օրերին կապ կպահպանի նրանց հետ»,- նշել են ԱՄՆ նախագահի աշխատակազմում։