ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հրապարակվել է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների ցանկերը, որոնցում կարող են իրենց ուսումը շարունակել 2023 թ․ սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողները:
ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ ՀՀ Կառավարությունը հոկտեմբերի 12-ի N 1762-Լ որոշմամբ հաստատել է 2023 թ․ սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների՝ 2023-2024 ուստարվա ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցման նպատակով կրթաթոշակի տրամադրման կարգը և տրամադրվելիք կրթաթոշակի առավելագույն չափերը՝ ըստ կրթական ծրագրերի:
Ցանկերում ներկայացված են տրամադրվելիք կրթաթոշակների առավելագույն չափերը՝ ըստ կրթական ծրագրերի, ուսուցման ձևերի և ոլորտների.
1. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրի մասնագիտություններով՝ 245 000 դրամ:
2. Միջին մասնագիտական կրթական ծրագրով առկա ուսուցմամբ՝
-
արվեստի ոլորտի մասնագիտություններով՝ 480 000 դրամ.
-
առողջապահության ոլորտի մասնագիտություններով՝ 500 000 դրամ.
-
այլ ոլորտների մասնագիտություններով՝ 300 000 դրամ:
3. Միջին մասնագիտական կրթական ծրագրով հեռակա ուսուցմամբ մասնագիտություններով՝ 300 000 դրամ:
Կրթաթոշակների առավելագույն չափերը հաստատվել են՝ ըստ տվյալ կրթական ծրագրով ուսուցում ապահովող բոլոր պետական նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրերով սահմանված վարձավճարների արժեքների հիման վրա:
Ավագ դպրոց հաճախած կամ հիմնական կրթությունից հետո կրթությունից դուրս մնացած անձանց համար, որոնք կրթությունը շարունակում են նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրով, պետության կողմից կրթաթոշակ չի նախատեսվում:
Պետության կողմից կրթաթոշակ չի նախատեսվում նաև ոչ պետական հավատարմագրված ուսումնական հաստատություններում ուսանողական իրավունքը վերականգնած ուսանողների համար, որոնք կարող են մինչև ս. թ. հոկտեմբերի 31-ը տեղափոխվել ցանկում ներառված նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություններ: