ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի նախագահությամբ տեղի է ունեցել Եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի հերթական նիստը, որի առանցքում էր պետություն-քաղաքացիական հասարակություն արդյունավետ երկխոսության ապահովումը։ Մասնակցել են ՊԵԿ նախագահի տեղակալները, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները և մասնագետները, խորհրդի կազմում ընդգրկված, հրավիրված հասարակական և այլ կազմակերպությունների ներկայացուցիչները:
Ինչպես տեղեկացնում են ՊԵԿ-ից՝ նիստի ընթացքում քննարկվել են Հարկային օրենսգրքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին մի շարք նախագծեր, ինչպես նաև հարկային և մաքսային վարչարարությանն առնչվող հարցեր: Մասնավորապես, քննարկվել է ԱՏԳ մասնակիցներին մաքսային գործառնությունների մասով ծառայությունների մատուցման նոր մոդելի (ԼՏՕ) ներդրման հայեցակարգը, որի շրջանակում առաջարկվում է վերաբաշխել մաքսային գործառնությունները՝ առանձնացնելով մաքսային մարմինների կողմից իրականացվող մաքսային հսկողության գործառնությունները և հսկողության իրականացման համար այլ օժանդակ գործառնությունները՝ մաքսային հսկողությունը վերապահելով բացառապես մաքսային մարմնին, իսկ մաքսային գործի բնագավառի այլ օժանդակ գործառնությունների մասով՝ ստեղծել մասնավոր կազմակերպությունների կողմից իրականացման, արդյունքների մաքսային մարմինների կողմից ընդունման և արդյունքների նկատմամբ հսկողության հնարավորություն: Նշվել է, որ Լիազորված տնտեսական օպերատորը կարող է ունենալ ԵԱՏՄ մաքսային օրենսգրքով նախատեսված առաջին, երկրորդ կամ երրորդ տիպի վկայականներից մեկը կամ առաջին երկուսը, որոնց շրջանակում հնարավորություն կունենա իրականացնելու մի շարք մաքսային գործառնություններ:
Անդրադարձ է կատարվել հարկային պլանավորմանն ու չարաշահման արգելքին, որի շրջանակում քննարկվել են հարկ վճարողի հարկային պլանավորման մեթոդների չարաշահման առկայությունը, չարաշահման որոշման հիմքերը, հարկային պլանավորման սխեմայի բացահայտումը, կիրառման ժամանակահատվածը, տուգանքի չափը, հարկային պարտավորությունները և պատասխանատվության կիրառման հետ կապված հարցերը։
Դիտարկվել են նաև թեյավճարների կարգավորմանն ուղղված հարցեր:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում նախատեսված փոփոխությունների մասով, առաջարկվել է հարկային մարմին ներկայացվող տեղեկատվությունում հարկերի հաշվարկմանն ուղղակիորեն չառնչվող՝ տեղեկատվական աղյուսակներում լրացվող տեղեկատվության սխալ կամ ոչ հավաստի լինելու դեպքում, կիրառել վարչական պատասխանատվություն։
Ընդգծվել են թվային ակտիվների վերաբերյալ կարգավորումները, մասնավորապես, թվային ակտիվները որպես ապրանք դիտարկումը, սկզբնական արժեքի որոշումը, հարկային պարտավորությունների հաշվարկումը և փաստաթղթավորման հետ կապված կագավորումները։
Նիստում անդրադառնալով ֆինանսական հաշիվներին՝ նշվել է, որ ՀՀ-ում հաշվառված ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ համարվող ֆինանսական կազմակերպություններն օրենքով սահմանված կարգով հարկային մարմին պետք է ներկայացնեն ֆինանսական հաշիվների մասին տեղեկատվություն:
Երկխոսության ակտիվ քննարկումների արդյունքում հասարակական խորհրդի անդամները, ներկայացված նախագծերի, հարկային և մաքսային վարչարարությանն առնչվող այլ հարցերի շուրջ, հանդես են եկել կառուցողական առաջարկներով և դիտարկումներով։
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն, ամփոփելով խորհրդի անդամների կողմից ներկայացված առաջարկներն ու տեսակետները, ընդգծել է, որ դրանք լրացուցիչ կքննարկվեն, խորությամբ կուսումնասիրվեն, որոշ նախագծեր կխմբագրվեն և կրկին կդրվեն շրջանառության մեջ։
Շարունակվում են հասարակական խորհրդի անդամների հետ համատեղ աշխատանքի միջոցով մասնագիտական աշխատանքային քննարկումները՝ ներկայացված հարցերին առավել արդյունավետ լուծումներ տալու ուղղությամբ: