Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ և միջազգային հումանիտար և զարգացման գործընկեր կառույցների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կարիքների հասցեագրման աշխատանքների համակարգմանն ուղղված քննարկում։
Ողջունելով ներկաներին՝ փոխվարչապետը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից ավելի քան 100 հազար անձանց բռնի տեղահանման արդյունքում ձևավորված իրավիճակը՝ մանրամասն անդրադարձ կատարելով բռնի տեղահանված մեր հայրենակիցների առաջնային, միջնաժամկետ և երկարաժամկետ կարիքների հասցեագրմանն ուղղված աշխատանքներին։
Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև ՄԱԿ-ի փախստականների հարցերով գրասենյակի Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Ֆիլիպ Լեկլերկը՝ վերահաստատելով գրասենյակի պատրաստակամությունը՝ նպաստելու արձագանքի արդյունավետ համակարգման իրականացմանը։
Փոխվարչապետ Խաչատրյանը բարձր է գնահատել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կարիքների հասցեագրման ուղղությամբ միջազգային հումանիտար և զարգացման կառույցների կողմից արդեն իսկ մեկնարկած ծրագրերը։ Աշխատանքների հասցեականությունը ապահովելու տեսանկյունից կարևորվել է Կառավարության կողմից ներկայացվող արձագանքման գործիքակազմի շրջանակներում գործընկեր կառույցների հետ համագործակցության հնարավորությունը։
Փոխվարչապետը հույս է հայտնել, որ միջազգային գործընկերները և մասնագիտացված գործակալությունները կաջակցեն Հայաստանին և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերին այս աղետի հետևանքները հաղթահարելու և մեր հայրենակիցների համար կայուն կենսապայմաններ ապահովելու գործում:
Հանդիպմանը ներկայացվել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գրասենյակի կողմից մշակված արձագանքման ծրագիրը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել նախատեսվող աշխատանքների ձևաչափին և հիմնական առաջնահերթություններին։