Լիտվայի Հանրապետության բարձրաստիճան պատվիրակության Հայաստան այցին ընդառաջ` առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է դեսպան Անդրիուս Պուլոկասին:
Դեսպանը նշել է, որ այցը նշանակալի է և ժամանակին` ցույց տալու Լիտվայի աջակցությունը Հայաստանի համար մարտահրավերներով լի շրջանում:
Անահիտ Ավանեսյանը բարձր է գնահատել հայ-լիտվական քաղաքական երկխոսության և առկա համագործակցության մակարդակը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Նախարարը լիտվական կողմին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ագրեսիայի և պայթյունի հետևանքով տուժածների բուժման ընթացքը, ինչպես նաև բռնի տեղահանված անձանց պատշաճ բուժօգնության տրամադրումը:
Քննարկվել են առողջապահության ոլորտում Հայաստան-Լիտվա երկկողմ, ինչպես նաև ՀՀ-ԵՄ շրջանակում միջնաժամկետ և երկարաժամկետ փոխգործակցությանը վերաբերող հարցեր: