100 հազարից ավելի հայեր տեղահանված են ԼՂ-ից, և ուզում եմ նաև ընդգծել, որ ևս 20 հազար հայեր ԼՂ-ից տեղահանվել են և Հայաստանում են գտնվում 44-օրյա պատերազմի հետևանքով, և այսօրվա մեր հրատապ խնդիրն է կենտրոնանալ այդ մարդկանց հումանիտար կարիքները հրատապ բարելավելու համար: Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ համատեղ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես ուզում եմ, որ մենք բոլորս լավ հասկանանք իրադրությունը. 100 հազար մարդ միանգամից մի շաբաթվա ընթացքում տեղահանվել է, էթնիկ զտման է ենթարկվել և տեղափոխվել Հայաստան: Հիմա մեր կառավարությունը կենտրոնացած է այդ մարդկանց ամենահրատապ կարիքները՝ սկսած սննդից, կացարանից, հագուստից և այդպես շարունակ, լուծելու վրա, և մենք գերկենտրոնացած ենք այս խնդիրների լուծման վրա, և մենք այս հարցում ակնկալում ենք միջազգային հանրության, այդ թվում՝ ԵՄ աջակցությունը՝ ներառյալ բյուջետային աջակցության տեսքով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
«Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմը մեկնարկում է այն ժամանակ, երբ անդամ պետությունները համախմբում են ռեսուրսները, որպեսզի ապահովեն, որ մարդասիրական ճգնաժամը հաղթահարվի»,- ասաց Ռոբերտա Մեցոլան:
«Ինչ վերաբերում է ռեսուրսներին, ես խոսել եմ պատասխանատու հանձնակատարի հետ և այն փաստի մասին, որ լրացուցիչ բյուջետային աջակցություն կպահանջվի, և մարդասիրական գործիքներ պետք է հավաքվեն, որպեսզի աջակցություն ցուցաբերվի հարկադիր տեղահանված անձանց»,- նշեց Եվրախորհրդարանի նախագահը: