Տրանսպորտային կոմունիկացիաների մասով փոխադարձության սկզբունքի պահպանմամբ մենք պատրաստ ենք գնալ ընթացակարգերի պարզեցումների: Մենք պատրաստ ենք ապահովել ադրբեջանական բեռների և ադրբեջանցիների անցման անվտանգությունը մեր տարածքում՝ հույս ունենալով նաև փոխադարձության: Եվրոպական խորհրդարանի ամբիոնից հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք պատրաստ ենք զորքերի հայելային հետքաշման 1991 թվականի սահմանների գծից, ինչը կնշանակի, որ Ադրբեջանը Հայաստանի ոչ մի տարածքում զորք չի ունենա, Հայաստանն էլ՝ Ադրբեջանի:
Մենք պատրաստ ենք փոխադարձության սկզբունքով հասցեագրել նաև անկլավների հարցը, ինչպես հայտարարել եմ սույն թվականի հոկտեմբերի 10-ին Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, և վերջապես պատրաստ ենք մինչև տարեվերջ Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքել»,- նշեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ Ադրբեջանի՝ Գրանադայի հանդիպմանը չգալը գործերը չհեշտացրեց: «Մյուս կողմից՝ մենք այս տարվա ընթացքում, ինչպես Եվրոպական խորհրդարանի նախագահը նշեց, Բրյուսելում եռակողմ հանդիպում անցկացնելու պայմանավորվածություն ունենք»,- ասաց Փաշինյանը:
Նա նշեց, որ եթե վերը հիշատակված սկզբունքները պաշտոնապես վերահաստատվեն, մինչև տարեվերջ ՀՀ-Ադրբեջան խաղաղության և հարաբերությունների կարգավորման պայմանագիր ստորագրելը կդառնա խիստ իրատեսական:
«Մենք պատրաստ ենք նաև բոլոր գերիների, պահվող անձանց, կալանավորված անձանց՝ բոլորը բոլորի դիմաց ազատ արձակման սկզբունքին: Պատրաստ ենք նաև սերտորեն համագործակցել անհետ կորածների ճակատագրի պարզաբանման հարցում: Հայաստանի 1016 քաղաքացի այս պահին համարվում է անհետ կորած: Պատրաստ ենք համագործակցել ականազերծման հարցում: Ուզում եմ հատուկ ընդգծել, որ դեռ 2021 թվականին ՀՀ-ը ԼՂ-ից ստացել և Ադրբեջանին է փոխանցել ականապատ դաշտերի հայկական կողմի տրամադրության տակ առկա բոլոր քարտեզները: Մենք սա արել ենք առանց նախապայմանների, որպես բարի կամքի արտահայտություն: Ցավոք, Ադրբեջանը դա ընկալեց ոչ թե որպես խաղաղությանն ուղղված, այլ Հայաստանի նկատմամբ ագրեսիվ հռետորաբանությունը սաստկացնելու առիթ: Բայց ի հեճուկս այս ամենի՝ մենք պետք է անսասան շարժվենք դեպի խաղաղություն: Դա անելու համար անհրաժեշտ է քաղաքական կամք, և ես ու Հայաստանի կառավարությունը, Հայաստանի խորհրդարանական մեծամասնությունն ունենք այդ քաղաքական կամքը: Մյուս կողմից՝ միջազգային հանրությունը և ԵՄ-ն, մեր տարածաշրջանի երկրները մեզ պետք է աջակցեն՝ ամեն ինչ անեն այս հնարավորության օգտագործումը մեզ համար՝ Ադրբեջանի և Հայաստանի համար, իրական դարձնելու նպատակով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: