Իսրայելական բանակը Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ավելի քան 200 ռազմական օբյեկտ է թիրախավորել։ ԶՈՒ մամուլի ծառայության տվյալով՝ հարվածներ են հասցվել զինամթերքի պահեստների և բանկի, որն օգտագործվում էր ահաբեկչական գործունեության ֆինանսավորման համար:
Նշվում է, որ Իսրայելի բանակը ոչնչացրել է նաև չորս զինյալի, որոնք փորձել են երկրի տարածք ներխուժել Լիբանանից։ Շարունակվում են ավիահարվածները Լիբանանում գտնվող «Հեզբոլլահի» օբյեկտներին:
Հակամարտության սրման պատճառով զոհերի թիվը ժամառժամ աճում է: Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 2800, վիրավորվել 9700-ից ավելի մարդ, այդ թվում՝ հարյուրավոր երեխաներ։ Իսրայելը հայտնում է 1500-ից ավելի զոհի մասին։
ՀԱՄԱՍ-ի Իզ-էդ-Դին ալ-Քասամ խմբավորումը հայտարարել է, որ գերիների թիվը հասնում է 250-ի, սակայն իսրայելական հարվածների պատճառով 22 գերի զոհվել է: Խմբավորումը խոստացել է ազատել օտարերկրյա քաղաքացիներին, երբ հանգամանքները թույլ տան։
ՀԱՄԱՍ շարժումն էլ հայտնել է, որ մտադիր է Իսրայելի հարավում գերեվարված պատանդներին փոխանակել իսրայելական բանտերում պահվող 6 հազար պաղեստինցու հետ։