Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իր հեռուստաուղերձում հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ Սահմանադրական դատարանի որոշումից հետո, որի պնդմամբ՝ նախագահը խախտել է օրենքը՝ ի հեճուկս կառավարության արգելքի՝ մեկնելով արտերկիր:
«Ես հրաժարական չեմ տալիս։ Ես կմնամ այստեղ և կպայքարեմ մեր երկրի եվրոպական ապագայի և ժողովրդավարության համար»,- նշել է Վրաստանի նախագահը:
Նա նաև մեկնաբանել է Սահմանադրական դատարանի որոշումը՝ ասելով, որ դատավորները պետք է ամաչեն նման վճիռ կայացնելու համար: Զուրաբիշվիլին հայտնել է, որ ներկա կլինի խորհրդարանի նիստին, որի ընթացքում տեղի կունենա իր պաշտոնանկության վերաբերյալ քվեարկություն: