Խորհրդարանական ընտրություններից առաջ Ադրբեջանի կազմակերպած սադրանքի նպատակը մոտալուտ խորհրդարանական ընտրությունները ձախողելն ու Հայաստանի պետությունն ու պետականությունը կաթվածահար անելն էր կամ առնվազն դրածո կառավարություն ձևավորելը: Այդ մասին Եվրոպական խորհրդարանում իր ելույթի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Բայց ահա այս միջավայրում ՀՀ ժողովուրդը կարողացավ ամուր կանգնել Հայաստանի անկախության, ինքնիշխանության և ժողովրդավարության պաշտպանության դիրքերում, և կազմակերպվեցին խորհրդարանական այնպիսի ընտրություններ, որոնք միջազգայինորեն ճանաչվեցին ազատ, ժողովրդավարական, թափանցիկ և մրցակցային: ՀՀ պատմության մեջ առաջին անգամ ընտրությունները դարձան ներքին ճգնաժամը հաղթահարելու միջոց և ոչ թե հակառակը: Սա է 2018 թվականի ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո և առաջ գոյություն ունեցած Հայաստանի առանցքային տարբերությունը:
Եթե հեղափոխությունից առաջ ընտրությունները սովորաբար դառնում էն ներքին ճգնաժամերի պատճառ դրանց արդյունքների նկատմամբ հանրային վստահության պակասի հետևանքով, հեղափոխությունից հետո ընտրությունները կանխարգելում կամ հաղթահարում են ճգնաժամը, որովհետև քաղաքացիները որոշում կայացնելու և այդ որոշումները իրագործելու ոչ միայն տեսական, այլև գործնական հնարավորություն ունեն:
2018-ից ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում որևէ մակարդակի որևէ ընտրության որևէ արդյունք չի նենգափոխվել: Եվ եթե 6 տարի առաջ մարդիկ ծիծաղով կվերաբերվեին ընտրությունների միջոցով իշխանություն ձևավորելու՝ իրենց իրավունքի մասին պնդումներին, հիմա լավ չեն հասկանա, թե ինչ ասել է «ընտրությունների արդյունքների կեղծում կամ նենգափոխում»: Ահա սա է փոխվել վերջին 5 տարիներին ՀՀ-ում»,- ասաց նա: