Միջազգային հանրությունը, մենք բոլորս ի վիճակի չեղանք կանխելու հայերի էթնիկ զտումները ԼՂ-ում: Այդ մասին Եվրոպական խորհրդարանում իր ելույթի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ այդ ամենը տեղի ունեցած ի հեճուկս Արդարադատության միջազգային դատարանի որոշումների, ԵԽ-ի, ԵԽԽՎ-ի և առանձին երկրների խորհրդարանների ընդունած բանաձևերի ու կոչերի:
Վարչապետը հիշեցրեց, որ ՀՀ կառավարությունը ԼՂ հայերի մոտալուտ էթնիկ զտումների մասին բազմիցս է ահազանգել, Լաչինի միջանցք և ԼՂ փաստահավաք խումբ ուղարկելու բազմաթիվ կոչեր է հնչեցրել, բայց ոչ մի կառույց այդպես էլ նման որոշում չկայացրեց: Իսկ ՄԱԿ-ի ԱԽ-ում թեմային առնչվող 3 քննարկումները որևէ գործնական արդյունք չունեցան:
«Եվ ահա, ԼՂ-ն այլևս հայաթափված է: ՌԴ խաղաղապահ զորախմբի անգործության պայմաններում ավելի քան 100 հազար հայեր 1 շաբաթվա ընթացքում լքեցին ԼՂ-ի՝ իրենց տներն ու բնօրրանը, ևս 20 հազարը ԼՂ-ից ստիպված էին եղել հեռանալ 44-օրյա պատերազմից անմիջապես հետո, մի մասն էլ Լաչինի միջանցքի՝ 2022-ի դեկտեմբերից մեկնարկած ապօրինի արգելափակման պատճառով ԼՂ վերադառնալու հնարավորություն չէին ունեցել:
Այսօր ոմանք ձև են անում, թե չեն հասկանում՝ ինչու ԼՂ հայերը զանգվածաբար լքեցին իրենց տները: Նման հարցադրումն ինքնին ցինիզմի է նման, որովհետև պատասխանը ավելի քան պարզ է: Ադրբեջանը հստակ և աներկբա ի ցույց էր դրել հայերի կյանքը ԼՂ-ում անհնար դարձնելու իր որոշումը»,- ասաց նա և հիշեցրեց, որ Լաչինի միջանցքի արգելափակման ժամանակ ԼՂ հայերը զրկված են եղել էլեկտրաէներգիայից, գազից, սննդից, դեղորայքից, իսկ գյուղատնտեական աշխատանք իրականացնողները թիրախավորվել են ադրբեջանցիների կողմից:
«Չեմ ընդունում որոշ միջազգային պաշտոնյաների զարմացած դեմքերը ԼՂ-ի՝ սեպտեմբերին տեղի ունեցած հայաթափման առիթով:
Միևնույն ժամանակ պետք է շնորհակալություն հայտնեմ ԵԽ-ին՝ ԼՂ-ում տեղի ունեցածն իր անունով կոչելու համար: Սա կարևոր է հայրենազրկման ենթարկված մարդկանց հետագա իրավունքները պաշտպանելու համար»,- ասաց նա: