Հոկտեմբերի 17-ին ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանն ընդունել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի Եվրոպայի հարցերով տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Ֆիլիպ Լըկլերկին:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, կողմերը քննարկել են 2023 թ. սեպտեմբերի 19-ին ադրբեջանական ռազմական հարձակման հետևանքով Հայաստան բռնագաղթած՝ 100 000-ից ավելի փախստականներին ընդունելու ուղղությամբ մինչ օրս իրականացված աշխատանքները, առկա մարտահրավերները, խնդիրները և դրանց լուծման հնարավոր ուղիները:
Ընդգծվել է, որ փախստականների համար կարճաժամկետ ծրագրերի իրականացման հետ մեկտեղ անհրաժեշտ է նաև վերջիններիս համար կայուն կենսապայմանների ապահովումը: Զրուցակիցները առաջնային նշանակություն են տվել աշխատանքի արդյունավետ համակարգման խնդիրներին՝ նշելով Կառավարություն-ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի գրասենյակ, միջազգային և տեղական կազմակերպություններ փոխգործակցության կարևորությունը:
Նշվել է ստեղծված իրավիճակում միջազգային դոնոր հանրության կողմից հումանիտար աջակցության նշանակությունը և այդ գործընթացում ՄԱԿ-ի ՓԳՀ գրասենյակի՝ որպես մասնագիտական գործակալության դերը: