2018-ի հեղափոխությունից հետո Հայաստանում ազատ տնտեսվարման հետ կապված բոլոր խոչընդոտներն ու արհեստական մենաշնորհները վերացված են, աճել են Կառավարության թափանցիկությունը և հաշվետվողականությունը, անհաշտ, սկզբունքային և ինստիտուցիոնալ պայքար է մղվում կոռուպցիայի դեմ, և այս ամենի շնորհիվ Հայաստանը, չնայած արհավիրքներին ու սպառնալիքներին, շարունակում է գտնվել բարձր տնտեսական աճի գոտում: Այդ մասին Եվրոպական խորհրդարանում իր ելույթի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ Հայաստանում 2018-ից ի վեր բյուջեի հարկային եկամուտներն աճել են շուրջ 70 տոկոսով:
«Այսօր արդեն կայացված և ուժի մեջ մտած որոշումներով մենք շուրջ 100 միլիոն դոլար պետք է հատկացնենք ԼՂ-ին բռնի տեղահանվածներին աջակցելու համար, և մենք միջազգային օգնության կարիք ունենք, այդ թվում՝ բյուջետային աջակցության տեսքով:
Ավելորդ չեմ համարի ընդգծել, որ մենք ստեղծել ենք բռնի տեղահանվածներին աջակցելու այնպիսի մեխանիզմ, որ նրանց հատկացվող միջոցները փոխանցվում են անկանխիկ, այսինքն՝ միջոցների բաշխումը թափանցիկ է, ստուգելի և հետագծելի: Եվ համակարգը շարունակելու է այդպես գործել:
Եվ մենք շնորհակալ ենք մեր միջազգային գործընկերներին, ԵՄ-ին, անդամ երկրներին, որոնք արդեն հատկացումներ են արել և կամ կշարունակեն անել ԼՂ հայերի բռնի տեղահանման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամը հաղթահարելու համար»,- ասաց նա: