Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչն այսօր՝ հոկտեմբերի 17-ին, այցելել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց` Աղավնաձոր բնակավայրում տեղակայված ժամանակավոր կացարան։
Ինչպես հայտնում են ՄԻՊ աշխատակազմից, բռնի տեղահանված անձանց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ, ուսումնասիրվել են նրանց պահման պայմանները, կարիքների գնահատման, բժշկական օգնության և սպասարկման, սննդի, անձնական հիգիենայի պարագաների տրամադրման գործընթացները։ Հատուկ ուշադրություն է դարձվել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման հետ կապված հարցերին։
Բռնի տեղահանված անձինք Պաշտպանին և ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին ներկայացրել են իրենց կրած զրկանքները և բռնի տեղահանման արդյունքում առաջացած խնդիրները։ Նրանց կողմից Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացված հարցերը տեղում քննարկվել են պատասխանատու աշխատակիցների, այդ թվում՝ բուժաշխատողների հետ։
Այցի արդյունքում Պաշտպանի արձանագրած խնդիրները կամփոփվեն և դրանց լուծմանն ուղղված առաջարկները համապատասխան վերլուծության հետ միասին կներկայացվեն իրավասու մարմիններին:
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների ապահովման հարցերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի հատուկ ուշադրության ներքո։
Մարդու իրավունքների Պաշտպանի և Պաշտպանի աշխատակազմի այցերը լինելու են շարունակական։ Ամենօրյա ռեժիմով իրականացվում են մշտադիտարկում և փաստահավաք աշխատանքներ՝ ապահովելով արձանագրված խնդիրների հասցեավորումն ու լուծումը։