Շատերն ասում են, որ Հայաստանն այսօր տառապում է ժողովրդավարության պատճառով, բայց պիտի ընդգծեմ իմ համոզմունքը, որ վերջին տարիներին իրեն բաժին հասած՝ մեծ հաշվով անխուսափելի փորձություններից ՀՀ-ն պարզապես կաթվածահար կլիներ, կկորցներ իր անկախությունն ու ինքնիշխանությունը, եթե չլիներ ժողովրդավար: Այդ մասին Եվրոպական խորհրդարանում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով 2018 թվականից հետո Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին:
«Սրա մասին են վկայում 2020-2021 թթ. իրադարձությունները 44-օրյա պատերազմի ավարտին՝ հրադադարի մասին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, երբ ՀՀ պետական ինստիտուտները ծայրահեղական խմբերի գրոհների թիրախ դարձան, երբ հանրությունը պառակտված էր ու բորբոքված, ժողովրդավարական եղանակով ձևավորված ինստիտուտները ամուր մնացին պետականության պաշտպանության իրենց դիրքերում՝ միևնույն ժամանակ չխախտելով ժողովրդավարության որևէ սկզբունք»,- ասաց նա:
Փաշինյանը հիշեցրեց, որ Հայաստանում խոսքի և հավաքների ազատությունն այդ ծանր իրավիճակում անգամ չսահմանափակվեց, անհամաչափ ուժի կիրառման դեպքեր չգրանցվեցին, օրենքի գերակայությունը չնսեմացվեց, ու չնայած այն բանին, որ խորհրդարանում իշխող ուժը շարունակում էր լինել մեծամասնություն, պատերազմի ծանր հետևանքների բերումով ի հայտ եկած սոցիալ-հոգեբանական ճգնաժամը հաղթահարելու համար կառավարող ուժը՝ «ՔՊ»-ն, արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու որոշում կայացրեց:
«Եվ այդ նպատակով ես հրաժարական տվեցի վարչապետի պաշտոնից, ապա և սահմանված կարգով արձակվեցին Կառավարությունն ու խորհրդարանը: Խորհրդարանի արձակումը դե յուրե ուժի մեջ մտնելուց երկու օր անց՝ 2021-ի մայիսի 12-ին, ադրբեջանական զորքերը խախտեցին Հայաստանի հետ սահմանը սահմանագծի մոտ՝ 100 կմ-անոց հատվածում՝ մինչև 4 կմ ներխուժելով ՀՀ ինքնիշխան տարածքի խորքը: Այս իրավիճակում ՀՀ անվտանգության համակարգը համարվող ՀԱՊԿ-ը և երկկողմ մակարդակում Հայաստանի նկատմամբ անվտանգային պարտավորություններ ունեցող երկրները մեզ ոչնչով չօգնեցին, մեզ միայնակ թողեցին»,- ասաց նա: