Մեր Կառավարությունը և ՀՀ ժողովուրդը Եվրոպական խորհրդարանը ճանաչում է որպես մի մարմին, որը ՀՀ և ԼՂ հայերին բաժին հասած բոլոր փորձությունների ժամանակ խոսել է ու խոսել է ճշմարտության լեզվով: Այդ մասին Եվրոպական խորհրդարանում իր ելույթի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Նաև սրա համար եմ բոլորիդ շնորհակալություն հայտնում, որովհետև ճշմարտությունը ուժ է, և ձեր ձևավորած այս ուժից ամեն անգամ մեզ էլ է բաժին հասել:
Հիմա տարածված խոսույթ է, որ ժողովրդավարական Հայաստանը անցնում է ծանր փորձությունների միջով, և սա ճշմարտություն է: Բայց նույնպիսի ճշմարտություն է այն, որ Հայաստանի ժողովրդավարությունն է անցնում ծանր փորձությունների միջով: Եվ, այնուամենայնիվ, մեծագույն ճշմարտությունն այն է, որ ժողովրդավարությունն է Հայաստանում անցնում ծանր փորձությունների միջով: Ոչ միայն Հայաստանի ժողովրդավարությունը, այլև ժողովրդավարությունն ընդհանարապես, որովհետև ՀՀ-ում և աշխարհի տարբեր վայրերում տեղի ունեցող մի շարք իրադարձություններ առաջ են բերում հետևյալ հարցը, իսկ ի վիճակի՞ է արդյոք ժողովրդավարությունն ապահովել անվտանգություն, խաղաղություն, միասնականություն, բարեկեցություն և երջանկություն»,- ասաց նա: