Մի շարք մարտահրավերների հաղթահարման գործում մենք ակնկալում ենք ԵՄ ծանրակշիռ աջակցությունը՝ Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ համատեղ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այդ շարքում խոսքը ավելի քան 100 հազար հայերի՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման հետևանքով Հայաստանում առաջացած հումանիտար պրոբլեմների հաղթահարման մասին է, որտեղ մենք հրատապ աջակցության կարիք ունենք»,- նշեց նա:
Վարչապետը շնորհակալություն հայտնեց ԵՄ-ին և Եվրոպական խորհրդարանին Հայաստանի զարգացման օրակարգին շարունակական աջակցություն ցուցաբերելու համար: «Հույս ունեմ՝ այսօրվա ելույթը դրական խթան կհանդիսանա ԵՄ-Հայաստան հարաբերությունների հետագա զարգացման համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: