Նախարար Վահան Քերոբյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։
Ինչպես տեղեկացնում են էկոնոմիկայի նախարարությունից՝ հանդիպման սկզբում նախարարը շնորհակալություն է հայտնել հյուրերին արդյունավետ համագործակցության համար և հույս հայտնել, որ գործակալության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը կշարունակեն նպաստել մեր երկրի տնտեսական կայունության բարձրացմանը։
Նախարարը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հետ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչների հանդիպումների արդյունքները, հնչեցրել հիմնական բարձրացված թեմաներն ու առաջարկվող հնարավոր լուծումները:
Առանձին անդրադարձ է կատարվել գործարար միջավայրի բարելավմանն ու Հայաստան բիզնեսը տեղափոխվող գործարարների համար ինտեգրացիոն բարենպաստ պայմանների ապահովմանը։
Պատվիրակության անդամները պատրաստակամություն են հայտնել աջակցել բռնի տեղահանվածների ՀՀ ինտեգրացիային վերաբերող ծրագրերի իրականացման գործում:
Քննարկվել են նաև երկկողմ համագործակցությանը վերաբերող այլ հարցեր: