ԼՂ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը Հայաստանի իրավապահներին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել: Ավելի վաղ էլ Բաբայանը Հանրայինի եթերում ԼՂ-ի բարձրագույն նախկին ու ներկա ղեկավարությանը մեղադրել էր օտարերկրյա գործակալ լինելու, պետական արխիվները վերացնելու, ռազմամթերքը հակառակորդին հանձնելու համար:
Դատախազությունից «Լուրերին» հայտնել են, որ Բաբայանի հաղորդման և ավելի վաղ Առաջին ալիքի եթերում արած հայտարարությունների հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ «Զինվորական պաշտոնեական անփութության», «Մարտ վարելու միջոցները հակառակորդին հանձնելու կամ թողնելու» հոդվածներով:
«Լուրերի» հետ զրույցում Սամվել Բաբայանի ներկայացուցիչը նշել է, որ Բաբայանը՝ որպես իր ներկայացրած հաղորդման հեղինակ, հարցաքննվել է: Գործով մեղադրյալներ այս պահին չկան: