Շմոլ գազից թունավորմամբ 8-ամյա տղային երեկ Վանաձորից տեղափոխել են «Մուրացան» համալսարանական հիվանդանոց: Նրա ծնողներն առաջին բժշկական օգնություն ստացել են տեղում: Այս մասին տեղեկացնում են «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրից:
«Տանը երեխան ունեցել է ուշագնացություն, սրտխառնոց, փսխումներ: Վիճակը տեղափոխման ընթացքում եղել է միջին ծանրության:
Համալսարանական հիվանդանոցի թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկայում բուժառուն ստացել է անհրաժեշտ բժշկական օգնություն, ինչպես նաև անցել է բարոթերապիայի մեկ սեանս: Այժմ վիճակը գնահատվում է լավ, այսօր նա դուրս կգրվի համալսարանական բժշկական հաստատությունից:
Նշենք, որ նաև նախորդ շաբաթ օրը Արարատի մարզի Մրգանուշ գյուղից հիվանդանոց ընդունվել էր ընտանիք կրկին շմոլ գազից թունավորված` 30-ամյա մայրը 10, 9 և 3 տարեկան երեխաների հետ:
Վիճակը գնահատվել է ծանր, վերակենդանացման կլինիկայից հետո կրկին Բարոթերապիայի ծառայությունում են բուժում ստացել:
Հարկ է նշել, որ շմոլ գազից թունավորումների արդյունավետ բուժման համար լայնորեն կիրառվում է բարոթերապիան, որի հանրապետությունում եզակի մանկական ծառայությունը ներդրվել է «Մուրացան» հիվանդանոցային համալիրում 2021 թվականի դեկտեմբերին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Շմոլ գազից թունավորման առավել տարածված ախտանշաններն են՝ գլխացավը, գլխապտույտը, սրտխառնոցը և քնկոտությունը, զարկ քունքերում, ականջներում աղմուկ, փսխում, արցունքահոսություն, զարգանում է մկանային թուլություն, ցնցումներ, հնարավոր է՝ գրգռվածություն, դեմքի մաշկը կարմրում է, ավելի ճիշտ՝ դառնում կապտավուն մուգ կարմիր, նկատվում է հաճախասրտություն, ընկնում է արյան ճնշումը, շնչառությունը դառնում է մակերեսային կամ նույնիսկ դադարում։