ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ այցելել է Թել Ավիվ։ Նա Իսրայել է վերադարձել արաբական վեց երկիր կատարած շրջագայությունից հետո։ Այդ մասին հայտնում է CNN-ը:
Բլինքենը ծրագրել է բանակցություններ վարել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և Իսրայելի ռազմական կաբինետի հետ։
Պետքարտուղարի այցը տեղի է ունենում Գազայի հատվածում արգելափակված ամերիկացի քաղաքացիներին Եգիպտոսի «Ռաֆահ» հսկիչ-անցագրային կետ հասցնելու՝ ԱՄՆ իշխանությունների փորձերի ֆոնին:
Միացյալ Նահանգները նաև աշխատում է տարածաշրջանային գործընկերների հետ՝ օգնելու ազատել պատանդներին, այդ թվում՝ ամերիկացի քաղաքացիների, որոնց ՀԱՄԱՍ-ի զինյալները գերի են վերցրել հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակման ժամանակ:
Կիրակի Բլինքենը խոստացել է, որ «Ռաֆահ» անցակետը «բաց կլինի», և որ ԱՄՆ-ն աշխատում է ՄԱԿ-ի, Եգիպտոսի, Իսրայելի ու այլ երկրների հետ՝ օգնությանն ուղղված ջանքերը համակարգելու ուղղությամբ:
ԱՄՆ պետքարտուղարի առաջին այցն Իսրայել հոկտեմբերի 12-ին էր, որի ժամանակ նա վարչապետ Նեթանյահուին վստահեցրել է, որ Վաշինգտոնն աջակցում է Թել Ավիվին։
Բացի այդ, ԶԼՄ-ների տեղեկություններով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Նեթանյահուի հրավերով մոտ ժամանակներս կարող է այցելել Իսրայել։