Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ հոկտեմբերի 16-ին, ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին։ Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ-ի գրասենյակից:
Անահիտ Մանասյանը, ողջունելով Դունյա Միյատովիչին, շնորհակալություն է հայտնել Հայաստան կատարած այցի, ինչպես նաև Պաշտպանի հաստատության հետ կայուն ու արդյունավետ փոխգործակցության համար։
Անահիտ Մանասյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը վերաբերելի խնդիրները, որոնք վեր են հանվել անձամբ իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքների ընթացքում։
Պաշտպանը հատուկ ընդգծել է Հայաստանի Հանրապետությունում բռնի տեղահանված անձանց իրավունքների պատշաճ երաշխավորման անհրաժեշտությունը` խոսելով այդ ուղղությամբ նաև Պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվող քայլերի մասին:
Բռնի տեղահանված անձանց Լեռնային Ղարաբաղ վերադառնալու հարցի քննարկման համատեքստում Պաշտպանը ներկայացրել է Ադրբեջանի՝ պետության տարբեր մակարդակներում դրսևորվող և խրախուսվող հայատյաց քաղաքականության վերաբերյալ փաստեր:
Հանդիպման շրջանակում Պաշտպանն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգությամբ պայմանավորված` մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրներին՝ արձանագրելով, որ մարդու իրավունքների պաշտպանության և երաշխավորման տեսանկյունից խիստ մտահոգիչ է ադրբեջանական զինված ուժերի ներկայությունը ՀՀ ինքնիշխան տարածքում։
Իր հերթին, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը շնորհակալություն է հայտնել Անահիտ Մանասյանին ջերմ ընդունելության, աշխատանքների արդյունքների համապարփակ ներկայացման համար և վերահաստատել Պաշտպանի հաստատության հետ սերտ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը։