ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) հետ համատեղ Երևանում անցկացվել է միջազգային համաժողով՝ «Հայաստանում դոպինգի դեմ պայքարի համակարգված մոտեցումը բարելավելու համար ներքին համակարգման բարձրացում՝ լավագույն փորձի ներդրման միջոցով» խորագրով:
Համաժողովի բացմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Համաշխարհային հակադոպինգային գործակալության տնօրեն Թոմ Մեյը, ներկայացուցիչներ Հայաստանի հակադոպինգային գործակալությունից, Հայաստանի մարզական ֆեդերացիաներից և այլք:
ԿԳՄՍ նախարարը ողջունել է համաժողովի մասնակիցներին և վերահաստատել դոպինգի դեմ պայքարում ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ ընդգծելով, որ մեր երկիրը միայն սպորտային ազնիվ պայքարի կողմնակից է: Համաժողովի մասնակիցներին տեսաուղերձով ողջունել է նաև WADA-ի նախագահ Վիթոլդ Բանկան և նշել՝ Հայաստանի կառավարությունը՝ ի դեմս ԿԳՄՍ նախարարության, իրենց գործընկերն է և ամբողջովին սատարում է հակադոպինգային պայքարին:
Հայաստանի հակադոպինգային գործակալության տնօրեն Դավիթ Մոսինյանի խոսքով՝ համաժողովն ուղղված է գործողությունների պլանի հստակեցմանը, որով Հայաստանը պետք է առաջնորդվի առաջիկայում:
«Համաշխարհային հակադոպինգային գործակալության ղեկավարները բարձր են գնահատում Հայաստանի հետ շարունակական աշխատանքները: Համաժողովի արդյունքում հստակեցվել են, թե հետագա ինչ անելիքներ պետք է իրականացնենք, որպեսզի մեր գործակալությունը լիովին համապատասխանի միջազգային չափանիշներին»,- նշել է Դավիթ Մոսինյանը՝ ընդգծելով ՀՀ Կառավարության, մասնավորապես՝ ԿԳՄՍ նախարարության և իրավապահ համակարգի համագործակցությունը:
«Դեռ շատ անելիքներ կան: Համաժողովն իսկապես շատ բարձր մակարդակով անցավ, միջազգային գործընկերները տպավորված էին այն ամենով, ինչ տեսան այստեղ: Մեր դոպինգ-տեսուչները երեք օլիմպիական խաղեր ու եվրոպական խաղեր են սպասարկել, բավականին լավ համբավ ունեն ու լավ աշխատանք են կատարում»,- ասել է Դավիթ Մոսինյանը:
Նա նաև տեղեկացրել է, որ առաջիկայում Հայաստանի հակադոպինգային գործակալությունը WADA-ից կստանա պաշտոնական գրություն, որով կսահմանվեն գործակալության հետագա անելիքները: