Նոտարների և ՀՀ կադաստրի կոմիտեի համար, օրենքով նախատեսված դեպքերում նվիրատվությունների մասով, ՀՀ կենտրոնական բանկին` լիազոր մարմնին հաշվետվություններ ներկայացնելու պարտականություն է առաջարկվում սահմանել: ««Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` հոկտեմբերի 16-ի հերթական նիստում: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
Իրավակարգավորումների անհրաժեշտությունն այն է, որ նվիրատվության գործարք հաստատող, գրանցող լիազոր մարմինը կամ նոտարները սահմանված կարգով լիազոր մարմնին ներկայացվող իրենց հաշվետվություններում պարտադիր ներկայացնեն նաև նվիրատվության բոլոր գործարքների վերաբերյալ տեղեկություններ` հետագայում դրանց մոնիթորինգի արդյունքում ռիսկերի գնահատման, ինչպես նաև առանձին դեպքերում փողերի լվացման դեպքերի կանխման կամ բացահայտման նպատակով:
Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը փաստել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ժամանակահատվածում առաջարկություններ չեն ներկայացվել:
Նրա հավաստմամբ՝ նախագծի ընդունմամբ ակնկալվում է, որ մեխանիզմներ կստեղծվեն նվիրատվության գործարքների մասով ռիսկերը կառավարելու համար, արդյունքում` փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարն առավել արդյունավետ կդառնա:
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը, ներկայացնելով վիճակագրական տվյալներ, փաստել է, որ 2020 թվականի առաջին կիսամյակի տվյալներով իրականացվել է առուվաճառքի շուրջ 20 հազար գործարք, որից 6 հազարը՝ նվիրատվության եղանակով, իսկ ահա 2023 թվականի առաջին կիսամյակի տվյալներով` նվիրատվությամբ գործարքների թիվը կրկնապատկվել է:
Ըստ նրա` որոշակի բանկեր այդ գործարքներից ծառայություն մատուցելու համար տոկոսներ են գանձում, այդ իսկ պատճառով մեր քաղաքացիներից շատերն առուվաճառքի գործարքները գերադասում են կատարել նվիրատվության միջոցով:
Նշվել է, որ հարցի առնչությամբ առաջիկայում աշխատանքային քննարկումներ կլինեն ՀՀ կենտրոնական բանկի պատասխանատուների հետ:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին: