Առաջարկվում է կարգավորել խաղային հաշիվներին գումարների մուտքագրման հետ կապված հարաբերությունները: Սահմանվում է, որ ինտերնետ շահումով խաղերի դեպքում հատուկ խաղային հաշիվը կարող է համալրվել բացառապես տվյալ խաղացողին պատկանող բանկային (այդ թվում՝ քարտային) հաշիվների միջոցով: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
Արգելվում է տոտալիզատորի մասնակիցների հաշիվներին դրամական միջոցներ մուտքագրել և ելքագրել կանխիկ եղանակով: Նշված հաշիվները համալրվում են, և հաշիվներից գումարը ելքագրվում է միայն անկանխիկ եղանակով: Տոտալիզատորի մասնակցի հաշիվը կարող է համալրվել բացառապես տվյալ խաղացողին պատկանող բանկային (այդ թվում՝ քարտային) հաշիվների միջոցով:
Գևորգ Պապոյանի և Հասմիկ Հակոբյանի հեղինակած ««Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և ««Վիճակախաղերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը քննարկվել են ֆինանսավարկային և բյուջետաին հարցերի մշտական հանձնաժողովի՝ հոկտեմբերի 16-ի նիստում:
Ըստ հիմնական զեկուցող, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանի՝ առաջին ընթերցումից հետո հարցը քննարկվել է Կառավարության, ԿԲ-ի, շահումով խաղերի կազմակերպիչների հետ: Ըստ այդմ՝ ներկայացվել են նոր առաջարկություններ, որոնք ներառվել են օրենսդրական փաթեթում:
Արդյունքում ներկայացվել է լրամշակված օրենսդրական փաթեթ:
Ըստ Գևորգ Պապոյանի՝ առաջարկվում է առաջին հոդվածի Դ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ «ինտերնետ շահումով խաղի կազմակերպիչը հատուկ խաղային հաշիվը համալրելու համար օգտագործվող բանկային հաշիվը կամ քարտը տվյալ խաղային հաշվի իրավատեր խաղացողին պատկանելու հանգամանքը ստուգում է Լիազոր մարմնի և ՀՀ ԿԲ-ի կողմից համատեղ սահմանված կարգով՝ ստուգումն իրականացնելով բացառապես խաղացողի համաձայնությամբ»: Նշվել է, որ ստուգման կարգը Լիազոր մարմինը և ԿԲ-ն պետք է համատեղ մշակեն:
Երկրորդ փոփոխությունը, ըստ հիմնական զեկուցողի, գրեթե նույնությամբ ներառվել է նաև վիճակախաղի մասնակցի վերաբերյալ դրույթում. «Վիճակախաղի կազմակերպիչը հատուկ խաղային հաշիվը համալրելու համար օգտագործվող բանկային հաշիվը կամ քարտը տվյալ խաղային հատուկ հաշվի իրավատեր մասնակցին՝ խաղացողին պատկանելու հանգամանքը ստուգվում է Լիազոր մարմնի և ԿԲ-ի կողմից համատեղ սահմանված կարգով՝ ստուգումն իրականացնելով բացառապես խաղացողի համաձայնությամբ»:
Երրորդ փոփոխությունն այն է, որ օրենքն ուժի մեջ կմտնի 2024 թվականի ապրիլի 1-ից, ինչը հնարավորություն կտա բիզնեսին այդ ընթացքում վերազինվել և իրականացնել կազմակերպչական աշխատանքներ:
Հանձնաժողովականները ողջունել են օրենսդրական նախաձեռնության ընդունումը, միաժամանակ մտահոգություն են հայտնել խաղացողների թվի ավելացման կապակցությամբ:
Հանձնաժողովի նախագահը փաստել է, որ խաղադրույքներ կատարողների տեմպը կտրուկ ընկել է: Ըստ նրա՝ եթե նախկինում երկրաչափական պրոգրեսիայով էր աճը, հետո դարձել է թվաբանական պրոգրեսիայով, ապա այժմ` սիմվոլիկ տոկոսներով է աճ գրանցվում:
Նրա հավաստմամբ մոտենում ենք զրոյական աճի փուլին: «Կարծում եմ՝ նախկինում ընդունված օրենքների նախագծերն աշխատել են»,- ասել է պատգամավորը:
«Մենք առաջարկում ենք այն փոփոխությունը, որ քաղաքացիները կարող են իրենց խաղային հաշիվը լիցքավորել բացառապես միայն իրենց պատկանող բանկային, քարտային հաշիվներից: Սա հիմնարար փոփոխություն է»,- ասել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը:
Նշվել է, որ նպատակը ոչ թե այն է, որ մարդիկ անպայման, անկանխիկ խաղան, այլ՝ իմանան, թե ով է խաղում, դրանով հստակեցնենք նաև պետության քաղաքականությունն այս կամ այն ոլորտում:
«Բանկերն այս տվյալների հիման վրա նայելու են, տեսնելու, որ եթե տվյալ մարդը խաղամոլ է, վարկ չեն տալու: Օրինակը ինձ վրա վերցնեմ: Եթե ես խաղամ, հետո փորձեմ վարկ վերցնել, ամենայն հավանականությամբ կզրկվեմ այդ հնարավորությունից: Եթե պարզվի, որ ես ստանում եմ 400 հազար դրամ, բայց 4 միլիոնի խաղում եմ, սա արդեն հարց է»,- նշել է Գևորգ Պապոյանը:
Ըստ նրա՝ մեկ օրում, մեկ օրենքով առկա խնդիրները չեն լուծվում, որոշակի երկար ժամանակահատվածում միայն կարող են համակողմանի լուծումներ գտնվեն:
Նշվել է, նաև որ օտարերկրյա օնլայն խաղատները և բուքմեյքերական գրասենյակները, որոնք տոկոսադրույքներ են ընդունում Հայաստանից, պետք է լիցենզավորվեն այն պայմաններով, ինչ և տեղի ընկերությունները:
Հարակից զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը նշել է. «Վիճակագրության տեսանկյունից միտումը դանդաղում է: Հիշեցնեմ, թե ոլորտն ինչ աստիճանի մեծ աճ էր ունենում: Օրինակ՝ 2016 թվականին ՀՆԱ-ն ընդամենը 0.2 տոկոսով աճել էր, իրականում, եթե շահումով խաղերի ոլորտի աճը չլիներ, մենք ռեցեսիայի մեջ էինք փաստացի լինելու: Այսինքն՝ ոլորտի աճը մյուս ոլորտների նկատմամբ տարիներով շատ բարձր է եղել: Այս ամիսներին ընդհանուր ծառայությունների ոլորտն աճել է 14 տոկոսով, իսկ շահումով խաղերի ոլորտը՝ 7 տոկոսով: Չնայած նրան, որ աճը կա, սակայն այլևս այն աճը չէ, որ ծառայությունները քարշակող ոլորտը լինի»,- ասել է փոխնախարարը: Օրինակ՝ կացության ծառայություններն աճել են 30 տոկոսով, տեղեկատվական ծառայությունները՝ 51 տոկոսով, տրանսպորտը՝ 30 տոկոսով և այլն:
Ավագ Ավանեսյանը հավելել է. «Կարելի է առնվազն փաստել, որ այլ ծառայությունների համեմատ շահումով խաղերի ոլորտն այլևս ամենաարագ աճող ոլորտներից մեկը չէ: Սակայն ոլորտն աճի մակարդակով ամենավերջինը չէ: Ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտն ավելի դանդաղ է աճել, քան շահումով խաղերի ոլորտը»:
Ըստ նրա՝ տնտեսական արագընթաց աճի ժամանակ մի քիչ տարօրինակ կլիներ, որ սա, որը զվարճության ոլորտի մաս է հանդիսանում, աճ չունենար: Ավելին՝ համաշխարհային թրենդը շարունակում է միջինում 10 տոկոս աճել, հիմա աճը 10-15 տոկոս է:
Փոխնախարարի հավաստմամբ՝ ֆինանսների նախարարության քաղաքականությունն է փորձել ոլորտը պահել թափանցիկ, օրենսդրական կանոնների շրջանակներում, նվազեցնել դրա սոցիալական վնասները, այլ ոչ թե ընդհանրապես արգելել: Նշվել է, որ այլ ծառայությունների համեմատ շահումով խաղերի ոլորտն այլևս ամենաարագ աճող ոլորտներից մեկը չէ:
Բանավոր առաջարկություն է ներկայացրել ՀՀ ԿԲ-ի իրավաբանական վարչության պետ Արմեն Ալոյանը, ինչը կդառնա քննարկման առարկա:
Քննարկման արդյունքում հանձնաժողովականները դրական եզրակացություն են տվել լրամշակված օրենսդրական նախաձեռնությանը: