Կիրակի՝ հոկտեմբերի 15-ին, Լեհաստանում անցկացվել է խորհրդարանի ընտրություն: Արդյունքների մասին հայտարարությանն ընտրողները սպասում են երեքշաբթի: Այսօր արդեն exit poll-երը ենթադրում են, որ աջ պոպուլիստական «Իրավունք և արդարություն» կուսակցությունն ընտրություններում ձայների մեծամասնություն ստանալու հնարավորություն ունի, սակայն կարող է դժվարությունների հանդիպել կառավարություն ձևավորելու հարցում:
Ըստ Ipsos-ի հարցման՝ «Իրավունք և արդարությունը» կստանա ձայների 36,8%-ը, իսկ կենտրոնամետ ընդդիմությունը՝ 31,6%-ը։
Ընդդիմադիր երեք կուսակցություններ՝ Դոնալդ Տուսկի «Քաղաքացիական կոալիցիան», «Երրորդ ուղին» և «Նոր ձախերը», որոշել են միավորվել, չնայած ընտրություններին գնացել են տարբեր ծրագրերով, բայց իշխող «Իրավունք և արդարություն» կուսակցությանը հաղթելու նույն խոստումով, իսկ հաղթանակի դեպքում որոշել են միասին ձևավորել նոր կառավարություն։
Չնայած այն հանգամանքին, որ իշխող «Իրավունք և արդարություն» կուսակցությունը զբաղեցրել է առաջին տեղը ընտրություններում և պետք է մեծամասնություն ունենա կառավարություն ձևավորելիս, ընդդիմադիր կուսակցությունները նախագահին խնդրել են անտեսել այդ կարգավորումը և իրենց կառավարություն ձևավորելու հնարավորություն տալ։
Ընդդիմությունը համոզված է, որ իրենք վերջ կդնեն երկիրն ավերելու, օրենքի գերակայությունը կործանելու և Լեհաստանը Եվրամիությունից դուրս բերելու ութ տարիներին, ու երկրի համար կսկսվեն ավելի լավ ժամանակներ:
Ըստ BBC-ի, Լեհաստանի խորհրդարանի ընտրության արդյունքներին են անհամբեր սպասում նաև եվրոպական մայրաքաղաքներում: ԵՄ-ի ՝ մեծությամբ հինգերորդ երկրում եվրասկեպտիկների՝ իշխանությունից հեռանալը կարող է վերաբեռնել Եվրամիությունը և նոր շունչ հաղորդել կառույցին։