Հոկտեմբերի 13-ից ուժի մեջ է մտել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համապատասխան փոփոխությունը, ինչը թույլ է տալիս տուգանել այն կառուցապատողներին, որոնք առանց շահագործման թույլտվության փաստացի շահագործում են իրենց շենք-շինությունները: Այդ մասին զեկուցվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստին:
Սահմանվել են տուգանքի չափեր. առաջին տուգանքը 500-700 հազար դրամ է, իսկ առաջին տուգանքն ուժի մեջ մտնելուց հետո շարունակելու դեպքում՝ 1-1,5 միլիոն դրամ:
Այսինքն՝ նախկին օրենսգրքի համաձայն՝ արգելվում էր շենք-շինության շահագործումը՝ առանց շահագործման թույլտվության, բայց տուգանք սահմանված չէր, այժմ շահագործման դեպքում շահագործողը նաև կտուգանվի:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, անդրադառնալով վարչական իրավախախտման համապատասխան փոփոխությանը, մանրամասնեց. «Նոր շրջափուլ ենք մտնում, որ բոլորը պետք է հանեն իրենց ավարտական ակտերը, և սա ևս մեկ անգամ նշանակում է, որ նախագծային շեղումներով շինարարությունը մեծ խնդիրներ է առաջացնելու կառուցապատողների համար: Հետևապես խնդրում ենք, հորդորում ենք՝ մնալ ձեր նախագծային փաստաթղթերի շրջանակներում և իրականացնել այն նախագծերը, որոնք դուք պարտավորվել եք այն փաստաթղթերով, որոնք ներկայացրել եք քաղաքապետարան»: