Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբան հայտարարել է, որ օրակարգում Ռուսաստանի հետ բանակցությունների հարց չկա։
«Բոլորը հասկանում են, որ Մոսկվային դրանք պետք չեն, Ռուսաստանն ուզում է պատերազմել: Կիևն էլ չի կարող համաձայնել բանակցություններին, քանի դեռ ռուսական զորքերը մեր տարածքում են»,- ասել է դիվանագետը:
Կուլեբան նաև մեկնաբանել է լուրերը, որ աշունն Ուկրաինայի համար հեշտ շրջան չի լինելու: «Նախ` հակահարձակումը: Ցուրտ, անձրևոտ եղանակին ավելի դժվար է մարտի դաշտում շարժվելը: Երկրորդ՝ ԱՄՆ-ում նախագահի առաջիկա ընտրությունները: Նաև ընտրությունները Լեհաստանում, Սլովակիայում և եվրոպական մի շարք երկրների հետ հարաբերությունները»,- ասել է Կուլեբան, հավելել, որ մոտ ապագայում ռուսական կողմը կարող է հարվածել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքին:
Նախարարի խոսքով՝ խնդիրներ կարող են ծագել նաև ռազմական նոր մատակարարումների հետ կապված: Կուլեբան այնուհանդերձ նշել է, որ զրուցել է ԱՄՆ պետքարտուղարի հետ, և վերջինս վստահեցրել է, որ Ուկրաինային դիվանագիտական, ռազմական և ֆինանսական աջակցությունը կշարունակվի: