Հորդանանի թագավոր Աբդալլահ II իբն Հուսեյնը կմեկնի Եվրոպա՝ ստանալու ԵՄ ղեկավարների աջակցությունը Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողությունների դադարեցման հարցում: Այդ մասին Հորդանանի PETRA լրատվական գործակալությանը հայտնել է Թագավորության արտաքին գործերի նախարար Այման աս Սաֆադին՝ փոխանցում է РИА Новости-ն:
Նա ընդգծել է, որ «պաղեստինցիներին նոր տեղաշարժ պարտադրելու Իսրայելի ցանկացած գործողություն տարածաշրջանը կմղի դեպի ավելի լայն հակամարտության անդունդը»:
«Ռազմական գործողությունների հետևանքով պաղեստինցիները սպանվում են կամ ստիպված են լինում լքել իրենց ծննդավայրերը, ինչը տարածաշրջանն ու աշխարհը կկանգնեցնի Գազայում Իսրայելի ստեղծած ավերածությունների և հուսահատության հետևանքների առջև։ Դա չի ապահովի անվտանգություն և չի հանգեցնի խաղաղության»,- հավելել է Աս Սաֆադին։
Բացի դրանից՝ Հորդանանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ «Իսրայելի կողմից Գազայի հատված մարդասիրական օգնության մատակարարումների արգելափակումը և նրա բնակիչներին ռազմական գործողությունների սրման պայմաններում իրենց տները լքել ստիպելը միջազգային իրավունքի աղաղակող խախտում է»: