ԱՄՆ պետքարտուղարը շարունակում է այցերը Մերձավոր Արևելքի երկրներ: Սաուդյան Արաբիայում Էնթոնի Բլինքենը հանդիպել է այդ երկրի արտգործնախարար, արքայազն Ֆեյսալ բեն Ֆարհանի հետ: Քննարկման առանցքային թեման եղել է տարածաշրջանում լարված իրավիճակը:
Սաուդցի դիվանագետը քննադատել է Իսրայելում և Գազայի հատվածում ռազմական գործողությունների ընթացքում քաղաքացիական բնակչության թիրախավորումը: Նրա խոսքով՝ լարվածության թուլացումն առաջնային խնդիր է:
Բլինքենը «աննկարագրելի» է որակել ՀԱՄԱՍ-ի զինյալների կողմից Իսրայելի վրա հարձակումը: «ՀԱՄԱՍ-ը ահաբեկչական խմբավորում է, և նրա միակ նպատակն է ոչնչացնել Իսրայել Պետությունը և սպանել հրեաներին: Եվ կարևոր է, որ ամբողջ աշխարհը դա հենց այդպես ընդունի»,- նշել է Բլինքենը, հավելել՝ Իսրայելն իրականացնում է իր ժողովրդին պաշտպանելու իր օրինական իրավունքը:
ՀԱՄԱՍ-ի հարձակումից առաջ Սաուդյան Արաբիան բանակցություններ էր վարում Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ: