Սա շատ մեծ պատասխանատվություն է ոչ միայն Տիգրան Ավինյանի համար, ոչ միայն ՔՊ կուսակցության համար, այլև բոլոր այն մարդկանց համար և այն մարդկանց առաջ, որոնք մասնակցել են Երևանի ավագանու ընտրություններին, արտահայտել են դիրքորոշում այդ առումով: Այդ մասին Երևանի քաղաքապետի երդմնակալության արարողության ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շնորհավորելով Տիգրան Ավինյանին քաղաքապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
«Մարդիկ որևէ մեկի օգտին քվեարկելիս մի ակնկալիք են ունեցել՝ տեսնել ծաղկուն Երևան և տեսնել երջանիկ երևանցի: Սա թվում է թե բարդ, բայց կատարման համար անխուսափելի խնդիր է, և այս խնդիրը լուծելն ամենևին էլ միայն քաղաքապետի գործը չէ, այլև Երևանի ավագանու ամբողջ կազմի:
Ես ուզում եմ նաև շնորհավորել Երևանի ավագանու ընտրություններով խմբակցություն ձևավորած բոլոր կուսակցություններին և մաղթել նրանց պտղաբեր աշխատանք՝ հանուն Երևանի և հանուն երևանցիների:
Այս ընտրությունները մի շատ կարևոր բան ցույց տվեցին՝ ժողովրդավարության անշրջելիությունը ՀՀ-ում: Ընտրական ամբողջ գործընթացն անցավ, իհարկե, լարված, բայց ժողովրդավարական էությունն ընտրությունների և ՀՀ-ի որևէ կերպ չստվերվեց: Եվ սա շատ կարևոր արձանագրում է»,- ասաց նա՝ ընդգծելով, որ ընտրությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին անբեկանելի հավատարմությունը 2018-ի ժողովրդավարական, ոչ բռնի, թավշյա հեղափոխության արժեքներին, որի առաջնային նպատակը ժողովրդին, ՀՀ քաղաքացուն իշխանություն, իշխող ինստիտուտներ և մարմիններ ձևավորելու հնարավորությամբ օժտելն էր: Ըստ Փաշինյանի՝ այս ընտրություններն ապացուցեցին այդ տրամաբանության անշրջելիությունը ՀՀ-ում:
«Շատ կարևոր է արձանագրել, որ ընտրությունների արդյունքներով ՀՀ մայրաքաղաքում կառավարման նոր մոդել է, ըստ էության, հիմա գործարկվելու, երբ մայրաքաղաքի կառավարումը իրականացնելու են գործադիր հատվածում երկու ուժեր՝ ՔՊ կուսակցությունը և «Հանրապետություն» կուսակցությունը, և այս պատասխանատվության առիթով շնորհավորում եմ նաև «Հանրապետություն» կուսակցությանը և հաջողություն եմ մաղթում: Սա, իսկապես, կառավարման համագործակցության նոր կուլտուրա, նոր մշակույթ պետք է բերի, և ես հույս ունեմ, որ այս մոդելն իսկապես կարդարացնի իրեն»,- ասաց վարչապետը:
Փաշինյանն ընդգծեց, որ Երևանի նոր ավագանու աշխատանքին հետևելիս մի բանին են նայելու քաղաքացիները, թե ինչքանո՛վ են իրենց ձայներով ավագանի ձևավորած ուժերն աշխատելու, նվիրվելու Երևանի և երևանցու խնդիրների լուծմանը:
«ՀՀ Կառավարությունը շարունակելու է լինել Երևանի քաղաքապետի կողքին, Երևանի ավագանու կողքին՝ հանուն Երևանի, հանուն երևանցու»,- ասաց վարչապետը՝ հույս հայտնելով, որ պատասխանատվության առումով շնորհավորանքն արդարանա նաև հաջորդ ընտրական շրջափուլից առաջ:
«Այս ճանապարհին մենք պետք է լինենք անհոգնել, հետևողական, սկզբունքային և ազնիվ»,- ասաց Փաշինյանը: