Բիշքեկի գագաթնաժողովի ժամանակ Ռուսաստանի նախագահն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի խնդրին և մեկ անգամ ևս հայտարարել է. «Ղարաբաղի տարածքը վերջնականապես Ադրբեջանի մաս դարձավ այն բանից հետո, երբ անցած տարի Պրահայում կայացած հանդիպման ժամանակ վարչապետ Փաշինյանն այն ճանաչեց որպես Ադրբեջանի տարածք՝ դրանով արմատապես փոխելով Ղարաբաղի կարգավիճակը»։
«ԼՂ-ում ռուս խաղաղապահների մանդատը բաղկացած էր միայն մեկ բանից՝ հրադադարի ռեժիմի մշտադիտարկումից: Եվ երբ Հայաստանը ճանաչեց Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, պարզվեց, որ մեր խաղաղապահները գտնվում են Ադրբեջանի Հանրապետության տարածքում։ Այժմ, հայ բնակչության արտագաղթի հետ կապված ծանր իրադարձություններից հետո, իրավիճակը կտրուկ փոխվել է»,- ասել է ՌԴ նախագահը։
Պուտինը կարծիք է հայտնել, որ ռուս խաղաղապահները ԼՂ-ում պետք է մնան մինչև 2025 թվականի նոյեմբեր։ «Ֆորմալ առումով մեր խաղաղապահները այնտեղ կլինեն մինչև 2025 թվականի նոյեմբերը, և մենք, իհարկե, գործընկերների հետ երկխոսության միջոցով պետք է լուծենք այն հարցը, թե ինչ ենք անելու մոտ ապագայում: Բայց դա կորոշենք բանակցությունների ժամանակ»,- նշել է Ռուսաստանի ղեկավարը:
Նա նաև անդրադարձել է իր և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային հարաբերություններին: «Երբ իրավիճակը բնականոն հուն մտնի, կամ ես կայցելեմ նրան, կամ ինքը կգա այստեղ: Մենք ունենք արդեն ձևավորված աշխատանքային գրաֆիկ»: Նա նաև տեղեկացրել է, որ ՌԴ և ՀՀ ԱԳՆ և տնտեսական բլոկի գերատեսչություններն աշխատում են անդադար: