Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դը Մույնքին: Այդ մասին հայտնում են ԱԺ լրատվական ծառայությունից:
«ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է հյուրին Հայաստանի Հանրապետությունում առաջին ռեզիդենտ դեսպանի պաշտոնը ստանձնելու առթիվ:
«Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի և Բելգիայի միջև արդյունավետ ու կառուցողական երկխոսությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ շրջանակներում, հատկապես՝ Հայաստան-ԵՄ գործընկերության համատեքստում: Մեր ամուր գործընկերության վկայությունն է Երևանում ռեզիդենտ դեսպանություն բացելու Բելգիայի կառավարության որոշումը»,- շեշտել է խորհրդարանի ղեկավարը:
Կողմերը քննարկել են միջխորհրդարանական սերտ հարաբերությունները՝ որպես օրինակ հիշատակելով 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից մեր ինքնիշխան տարածք ներխուժելուց մի քանի օր անց բելգիացի խորհրդարանականների Հայաստան ժամանումը: ՀՀ ԱԺ նախագահը, ներկայացնելով բռնի տեղահանվածներին առնչվող մի շարք մանրամասներ, նշել է, որ բելգիացի գործընկերներից աջակցություն է ակնկալում ԼՂ ժողովրդին առաջնահերթ հումանիտար օժանդակության ցուցաբերման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության սատարման հարցերում:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Ադրբեջանի հանդեպ թիրախային պատժամիջոցներ սահմանելու անհրաժեշտության շուրջ: Դեսպանն ընդգծել է տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու կարևորությունը, ինչպես նաև անդրադարձել վերջերս ՀՀ ԱԺ-ի կողմից վավերացված Հռոմի ստատուտի անհրաժեշտությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ: