Բիշքեկում ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին: Նա հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ կազմակերպել ցանկացած ձևաչափով և նպաստել խաղաղության պայմանագրի կնքմանը:
«Օրակարգում Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստումն է՝ վերջնականապես վերջ դնելու այս երկարամյա հակամարտությանը։ Ռուսական կողմը, իհարկե, պատրաստ է մեր գործընկերներին ցուցաբերել հնարավոր բոլոր օգնությունն այդ հարցում»,- ասել է ռուսական պետության ղեկավարը և հավելել.
«Նախ պետք է հանդիպեն արտգործնախարարներն ու փորձագետները: ԱՊՀ շրջանակներում փոխգործակցությունը մնում է պահանջված ձևաչափ: Այն զարգանում է աշխարհաքաղաքական բարդ իրավիճակի ֆոնին: Մասնակից երկրները հարաբերությունները կառուցում են բացառապես գործընկերության, փոխշահավետության և միմյանց շահերը հաշվի առնելու սկզբունքների հիման վրա»,-ասել է ՌԴ նախագահը։
Նա նաև ընդգծել է, որ դրսից փորձում են ճնշում գործադրել գործընկերների վրա, բայց, ըստ Պուտինի, որքան կոպիտ է այդ փորձը, այնքան քիչ է հաջողությունը:
Գագաթնաժողովում ՌԴ նախագահն անդրադարձել է նաև պաղեստինա-իսրայելական հակամարտությանը: Նա հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է միջնորդել հակամարտության կարգավորման հարցում, և նշել Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով՝ անկախ Պաղեստին պետության ստեղծման անհրաժեշտությունը: