Բիշքեկում անցկացվող ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստի շրջանակում Ղրղզստանի և Տաջիկստանի նախագահներ Սադիր Ժապարովն ու Էմոմալի Ռահմոնը քննարկել են երկու հանրապետության սահմանների սահմանազատման և սահմանագծման հարցերը: Այդ մասին հայտնում է Ղրղզստանի պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
Ղրղզստանի և Տաջիկստանի պետական սահմանի երկարությունը մոտ 980 կմ է։ Դրա սահմանազատման բանակցությունները շարունակվում են 2002 թվականի դեկտեմբերից: Ներկայումս պետությունները սահմանել և փոխադարձաբար ճանաչել են սահմանային գծի ավելի քան երկու երրորդը, մնացած հատվածները համարվում են վիճելի: Այդ խնդրի չկարգավորված լինելը բազմիցս դարձել է երկու հանրապետությունների բնակիչների և զինվորականների մասնակցությամբ կոնֆլիկտների պատճառ, այդ թվում՝ հրազենի գործադրմամբ։
Ժապարովն ու Ռահմոնը մտքեր են փոխանակել նաև «տարածաշրջանային և միջազգային օրակարգի» և ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի առաջիկա հանդիպման վերաբերյալ։