Բիշքեկում ընթացող ԱՊՀ երկրների գագաթնաժողովում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Արևմուտքը չի հրաժարվում ԱՊՀ երկրներին «տարբեր ուղղություններով ցնցելու», դրանց թուլացնելու և իր շահերին ստորադասելու փորձերից։ Նա համախոհ երկրների հետ համախմբվածության և համագործակցության կոչ է արել՝ ընդգծելով, որ ժամանակակից աշխարհում միայն ուժն է հարգվում։ Այդ կապակցությամբ Լուկաշենկոն հիշեցրել է նաև ԽՍՀՄ ժամանակները, երբ «բոլորը վախենում էին այդ միությունից»։
«Վրաստանը առաջինը լքեց մեր ասոցիացիան, դե ֆակտո Ուկրաինան մեզ հետ չէ: Մոլդովայի հետ կապված մեծ հարցեր կան: Ցավոք, Հայաստանն էլ միշտ չէ, որ իրեն գործընկերոջ պես է պահում»,- ասել է Լուկաշենկոն Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովում:
Լուկաշենկոն ընդգծել է, որ չի կարելի հանգիստ դիտել կողքից. «Հակառակ դեպքում մեզ մասերի կբաժանեն, իսկ դրանից առաջին հերթին կտուժեն հասարակ մարդիկ՝ մեր երկրների ժողովուրդները, ուստի մենք՝ պետությունների ղեկավարներս, պետք է կատարենք մեր ընտրողների կամքը և լուծենք այն խնդիրները, որոնք նրանց խոստացել ենք»,- ասել է նախագահը։