Այսօվանից ուժի մեջ են մտել «Կամավոր աշխատանքի մասին» օրենքը և հարակից 14 օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենքների հիմնական կարգավորումները, որոնք ընդունվել էին 2023 թվականի հունիսի 14-ին։ Այդ մասին հայտնում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:
Ըստ այդմ՝ ընդհանուր միասնական կարգավորումներով ապահովվում են կամավոր աշխատանքների ներգրավման համար անհրաժեշտ իրավական մեխանիզմներ, որոնք կնպաստեն կամավորի ինստիտուտի կայացմանը, հասարակության մեջ փոխօգնության մթնոլորտի ձևավորմանը, ինչպես նաև ինքնակազմակերպվող ու քաղաքացիական ակտիվ հասարակության ձևավորմանը:
Կամավորների համար ամրագրվում են՝
-
կամավորության իրավական հիմք (կամավոր աշխատանքի մասին պայմանագիր, տեղեկանք, երաշխավորագիր),
-
իրավունքների դատական պաշտպանություն և այդ մասով պետական տուրքերից ազատում, կամավոր աշխատանքի ժամանակահատվածը` կամավորի համար աշխատանքային փորձառության համարում,
-
կամավոր աշխատանքից բխող լրացուցիչ ծախսերի փոխհատուցման իրավունք,
-
առողջության և անվտանգության ապահովման երաշխիքներ,
-
ապահովագրության հնարավորություն,
-
աշխատաշուկա մուտք գործելու, նոր գիտելիք և մասնագիտական փորձառություն ձեռք բերելու հնարավորություն:
Օրենքով սահմանված կազմակերպությունների համար նախատեսվել են՝
-
իրենց աշխատողներից բացի նաև կամավորների աշխատանքը օգտագործելու իրավունք,
-
ծախսերի հատուցման մասով որոշակի հարկային արտոնությունների սահմանում (միայն գործուղման ծախսերի նվազագույն չափերի մասով, որոնք հստակ սահմանված են ՀՀ օրենսդրությամբ),
-
արտակարգ իրավիճակներում մեծաթիվ անձանց (կամավորների) արագ ներգրավելու հնարավորություն,
-
վեճերի դատական կարգով լուծում և այդ մասով պետական տուրքերից ազատում։
«Կամավոր աշխատանքի մասին» պայմանագրի օրինակելի ձևն այստեղ: