Երևան քաղաքում փոշու արտանետումների նվազեցման նպատակով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում տեղի է ունեցել հանդիպում, որին մասնակցել են տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վ.Գալոյանը, ոլորտի պատասխանատու վարչության պետեր, մայրաքաղաքում ու հարակից տարածքներում հանք շահագործող և շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Ինչպես տեղեկացնում են ԲԸՏՄ-ից՝ քննարկվել են հանքերի շահագործման և շինաշխատանքների հետևանքով մթնոլորտային օդի աղտոտման ընթացիկ վիճակը, դրանց առաջացման հիմնական պատճառները, փոշու մակարդակի բարձր ցուցանիշների նվազեցմանն ուղղված միջոցառումները։
Ներկայացվել է Երևանի շինհրապարակներից մեկում արդեն իսկ կիրառվող, ժամանակակից տեխլուծումներ ապահովող փոշեճնշող սարքը, որը շինարարության ընթացքում արդյունավետ կանխարգելում է մթնոլորտային օդ փոշու արտանետումները։
Կարևորվել է տնտեսվարողների կողմից ձեռնարկված անհրաժեշտ քայլերը՝ փոշու արտանետումների նվազեցման այլընտրանքային ուղիների կիրառման, փոշենստեցման համար նախատեսված նորագույն տեխնոլոգիաների օգտագործման, օդի աղտոտվածության կանխարգելմանն ուղղված հետևողական և համակարգված աշխատանքները։