ՀՀ 10 մարզում այսօրվա դրությամբ 80 128 ԼՂ-ից բռնի տեղահանված անձ կա: Նրանք տեղաբաշխված են եղել հյուրանոցներում, հյուրատներում, հարմարեցված շենք-շինություններում և անհատական բնակելի տներում: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
Այս պահի դրությամբ, սակայն, մարզերում տեղաբաշխվածներից 1629-ն են հարմարեցված շենք-շինություններում ապրում, և մարզպետները զբաղված են նրանց այլ, ավելի համար վայրեր տեղափոխելու գործընթացով:
«Երեկ և այսօր եթե համեմատենք, մոտ 300 մարդ հյուրանոցներից տեղափոխվել է առանձին բնակարաններ կամ առանձնատներ, և հյուրանոցներում հիմա կա 7782 անձ»,- ասաց նախարարը:
Սանոսյանը նաև տեղեկացրեց, որ բռնի տեղահանվածներին տեղավորելու գործընթացին զուգընթաց տեղի է ունենում նաև կարիքների գույքագրում:
Նախարարը նաև տեղեկացրեց, որ տեղահանվածների կարիքները հոգալու համար Կառավարությունը պարբերաբար գումար է տրամադրում մարզպետարաններին: Այսօր այդ գումարը 1 միլիարդ 360 միլիոն դրամ է, առաջիկայում՝ հավանաբար երկուշաբթի կամ երեքշաբթի, հաջորդ հատկացումը կլինի մարզերին: