Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու իմպիչմենթը, որը մեղադրվում է իր երկրի Սահմանադրությունը խախտելու համար՝ առանց կառավարության թույլտվության այցելելով Եվրամիության երկրներ, գործնականում անհնար է, քանի որ իշխող կուսակցությունը դժվար թե կարողանա ապահովել անհրաժեշտ նվազագույն 100 ձայնը: Այդ մասին վրացական «Իմեդի» հեռուստաալիքի հետ հարցազրույցում հայտարարել է «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության ղեկավար Իրակլի Կոբախիձեն։
Իմփիչմենթը տեղի կունենա, եթե 150 պատգամավորից 100-ն աջակցեն դրան։ Իշխող կուսակցությունը խորհրդարանում ունի 84 տեղ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ին «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը հայտարարեց, որ սկսում է իմփիչմենթի գործընթացը՝ կապված նախագահի՝ Եվրոպա կատարած այցերի հետ: Զուրաբիշվիլին Բեռլինում, Բրյուսելում և Փարիզում բարձր մակարդակի հանդիպումներ էր ունեցել ԵՄ առաջնորդների հետ՝ չստանալով այդ հարցում կառավարության համաձայնությունը: