Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի երեք հանձնաժողովների «Ղարաբաղի հայության մարդու իրավունքներն ու հումանիտար իրավիճակը և Ադրբեջանի միջազգային պարտավորությունները» թեմայով համատեղ լսումներում ՀՀ ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն անդրադարձել է Ռոստոկի համալսարանի միջազգային իրավունքի պրոֆեսոր Բյորն Շիֆբաուերի ելույթին, նշել՝ ցեղասպանության հանցագործության գլխավոր նպատակը բոլորին սպանելը չէ, այլ ինքնությունը վերացնելը:
«Լեռնային Ղարաբաղը պաշարման մեջ էր: Չկար սնունդ, դեղորայք և այլն: Դրանց մուտքը Լեռնային Ղարաբաղ, որն ամբողջապես բնակեցված էր հայերով, արգելված էր: Եթե Դուք հարցականի տակ եք դնում, որ այդ գործողությունները ցեղասպանության հանցագործության տարրեր են պարունակում, ապա խնդրում եմ ավելի խորքային դիտարկել հետապնդման և տեղահանման տեսքով մարդկության դեմ հանցագործությունների հարցը»,- ասել է Վարդանյանը:
Նա նաև դիմել է Մոնակոյի, Սան Մարինոյի և Լիխտենշտեյնի ներկայացուցիչներին: «Պատկերացրեք՝ մի օր ավելի մեծ պետություն որոշում է արտագաղթ կազմակերպել: Լեռնային Ղարաբաղի բնակչությունը ավելին է, քան նշված երկրներում: Բայց ցավալին այն է, որ երբ մենք նախաձեռնեցինք այս քննարկումը իրավական հանձնաժողովում, ես իմ բոլոր գործընկերներին ասացի, որ մենք կանգնած ենք էթնիկ զտման վտանգի առաջ, և այս քննարկումն ի սկզբանե միտված էր դադարեցնելու այդ էթնիկ զտումը, արտագաղթը, սակայն հիմա մենք մի իրավիճակում ենք, երբ արտագաղթը տեղի է ունեցել, և մենք շատ ցինիկ տեսակետներ ենք լսում ավտորիտար ռեժիմից, թե, իբր, մենք ուղղակի որոշել ենք հեռանալ: Հանկարծակի»,- նշել է Վարդանյանը:
Նա նաև ուշադրություն է հրավիրել ռասիստական բնույթի այն բոլոր ելույթների վրա, որոնք հնչեցվել են Ադրբեջանի ներկայացուցիչների խոսքում: «Նույնիսկ այն իրավիճակում, երբ ԵԽ-ն խոսում է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների մասին, նրանց իշխանությունները փորձում են ճնշել մեզ ցանկացած կերպ, և դա կապ չունի միջազգային իրավունքի հետ»,- ընդգծել է նա: